Ավելի քան 24 տարի հրուշակեղենի եւ զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Սոնանուշ» ընկերությունը այս տարվա հունվարի 8-ին սնանկ է ճանաչվել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը անցած տարվա դեկտեմբերի 1-ին դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Սոնանուշ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: ՖՆ-ն դատարանին հայտնել է, որ ընկերության ունեցած հարկային պարտավորությունները վերջինիս կողմից օրենքով սահմանված ժամկետում չեն կատարվել: Նշենք, որ «Սոնանուշ»-ի վճարային պարտավորությունը պետբյուջեի նկատմամբ անցած տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է մոտ 1 մլն 800 հազար դրամ: Եւ, ահա, այս պարտավորությունները չկատարելու հիմքով դատարանը հունվարի 8-ին «Սոնանուշ» ընկերությանը ճանաչել է սնանկ:
Համաձայնեք, որ 1 միլիոն 800 հազար դրամն այնքան մեծ գումար չէր, որպեսզի դրա դիմաց 24 տարի գործունեություն ծավալած ընկերությունը սնանկ ճանաչվեր: Ուշագրավն այն է, որ դեռեւս 2012 թվականին ընկերության հիմնադիրները վաճառքի են հանել ընկերության ե՛ւ ապրանքանիշը, ե՛ւ արտադրամասը:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ սնանկացավ «Սոնանուշ»-ը: Այս հարցին ի պատասխան՝ «Սոնանուշ»-ի սնանկության գործով կառավարիչ Արտակ Հարությունյանն ասաց. «Այդ արտադրամասը գործել է Երեւանում՝ ինչ-որ վարձակալած տարածքում: Այն 3 տարուց ավելի է` ոչ մի տեսակի գործունեություն չի ծավալում: Արտադրամասը այս պահին հոսքագծեր, սարքավորումներ չունի: Տնօրենները 2012 թվականին փոխվել են»:
«Սոնանուշ»-ի նախկին տնօրեն Երեմ Սարգսյանն էլ «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ինքը դեռեւս 2012 թվականից որեւէ կապ չունի ընկերության հետ: Նշենք, որ ընկերության հիմնադիրներն են Աշոտ Խաչատրյանը եւ Աննա Միրոյանը: Ա. Հարությունյանից տեղեկացանք, որ հիմնադիրներն այժմ Ռուսաստանում են: Կարճ ասած՝ պետությանը գցել են ու թռել ՌԴ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ