«Տաքսի մանանդ»-ը սնանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս 2007 թվականին ստեղծված «Տաքսի Մանանդ» ընկերությունը անցած տարի սնանկ է ճանաչվել: Բանն այն է, որ «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն անցած տարվա ապրիլի 28-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան «Տաքսի Մանանդ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:

«Տաքսի Մանանդ» ընկերության պարտքը «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին անցած տարվա ապրիլի 18-ի դրությամբ կազմել է 44 մլն 523 հազար 259 դրամ: Նշենք, որ պարտքի 40 մլն 750 հազար 595 դրամը մայր գումարի եւ լիզինգային պայմանագրերով «Տաքսի Մանանդին» հանձնված 32 հատ մեքենաների գնահատված արժեքի տարբերությունն է: Եւ դատարանը անցած տարվա մայիսի 29-ին բավարարել է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի դիմումը «Տաքսի Մանանդ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորություններից բացի՝ «Տաքսի Մանանդ»-ը պարտք է նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 394 հազար 675 դրամ, եւ ՀՀ տրանսպորտային տեսչությանը՝ 150 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ «Տաքսի Մանանդ»-ի հիմնադիրն է Քաջիկ Կարապետյանը, ում անվան շուրջ մեծ աղմուկ է բարձրացել դեռեւս 2014 թվականի հունվարին: Սիրիայից 8-9 տարի առաջ հայրենիք տեղափոխված, մայրաքաղաք Երեւանում հաստատված Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման եւ պահեստամասերի վաճառքի գործ էր ձեռնարկել: «Տաքսի Մանանդի» սեփականատեր Քաջիկ Կարապետյանի որդիները՝ Արթուր եւ Ռազմիկ Կարապետյաններն ու նրանց ընկերները ներխուժել էին վաճառքի կետ եւ ծեծել այնտեղ գտնվող Արմենակ Բրուտյանին ու նրա երկու որդիներին՝ Մանուկին եւ Քրիստին:

Դեպքի առիթը եղել էր պահեստամասի գնի շուրջ անհամաձայնությունը: Արդյունքում ՀՀ ոստիկանությունը յոթ հոգու մեղադրանք էր առաջադրել սիրիահայ ընտանիքին՝ հորը եւ երկու որդիներին ծեծի ենթարկելու համար: Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Նաեւ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Այդ յոթ հոգու մեջ էին նաեւ «Տաքսի Մանանդ» ծառայության սեփականատիրոջ երկու որդիները` Արթուր եւ Ռազմիկ Կարապետյանները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս