Մարտի 10-ի երեկոյան Կրեմլում կայացած Սարգսյան-Պուտին հանիպումից ժամեր անց ԼՂՀ հարավարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է ԼՂ պաշտպանության բանակի կողմից: Ազերիների առաջխաղացումը կասեցվել է, եւ կրելով առնվազն 2 զոհ եւ վիրավորներ` դիվերսանտները հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Նախօրեին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 5500 կրակոց, ադրբեջանական զինուժի կողմից կիրառվել են նաեւ «Հաուբից» տեսակի թնդանոթներ:
Հիշեցնենք, որ ռուսական արտադրության «Հաուբից» տեսակի թնդանոթը ադրբեջանական զինուժը հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ կիրառեց անցած տարվա սեպտեմբերին, ինչն այն ժամանակ հարուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մտահոգությունը, որոնք այդ կապակցությամբ հանդես եկան հատուկ հայտարարությամբ: Եվ հիմա՝ մի քանի ամիս անց, փաստորեն, նման զինատեսակի կիրառումն էլ է դառնում արդեն սովորական պրակտիկա ադրբեջանական զինուժի համար, համենայն դեպս, այս միջադեպի հետ կապված երեկվա դրությամբ որեւէ դատապարտող հայտարարություն միջնորդների կողմից չէր արվել:
Բայց այս դեպքում ամենակարեւորն ու մտահոգիչն այն է, որ ըստ ԼՂ ՊՆ հաղորդագրության` «Հակառակորդը նշված հրանոթներից հրետակոծության է ենթարկել ոչ միայն Աղդամի ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլեւ առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում»:
Այսպիսով` Ղարաբաղի հարցով Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի քննարկումներին Ադրբեջանը պատասխանում է ԼՂՀ արդեն խորքային տարածքի հրետակոծմամբ: Թե ինչպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Պուտինի եւ Սարգսյանի միջեւ, որը հարուցել է այսպիսի ագրեսիվ արձագանք, առայժմ հայտնի չէ:
Չի բացառվում, որ Ադրբեջանի այս պատասխանը պայմանավորված է հենց այդ պայմանավորվածության բացակայությամբ: Ի վերջո, հատկապես ՌԴ փոխվարչապետ Դ. Ռոգոզինի` Բաքու կատարած այցի ընթացքում արված հայտարարությունը, թե Ադրբեջանը ցանկանում է է՛լ ավելի խորացնել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը, ցույց է տալիս, որ ռուս-թուրքական լարվածության այս փուլում Ադրբեջանը պատրաստակամ է առնվազն լոյալություն հայտնել Ռուսաստանի նկատմամբ՝ դիմացը, բնականաբար, ակնկալելով վերջինիս կողմից ճնշման բանեցում Հայաստանի վրա Ղարաբաղի հարցում:
Առավել եւս, որ մյուս բեւեռում` ԱՄՆ-ում, մարտի 31-ին կայանալիք միջուկային հարցերով անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում է ճնշման բանեցում Ալիեւի վրա, համենայն դեպս, Օբամային նման խնդրանքով արդեն իսկ դիմել են ԱՄՆ կոնգրեսականներն ու ամերիկյան հեղինակավոր մամուլը:
Ինչպիսի՞ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պուտինի եւ Սարգսյանի միջեւ, որը հարուցել է այսպիսի ագրեսիվ արձագանք. խմբագրական
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ