Կարո Կարապետյանի գործարանը սնանկացել է. գյուղացիները պահանջում են իրենց գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս նախորդ տարվա աշնանը գյուղացիներից բավականին ցածր գներով մթերված խաղողի գումարները գործարանները չեն վճարել: Դրանց թվում է «Շահումյան-Վին» գինու-կոնյակի գործարանը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո):

Իրավիճակը, կարծես, գնալով բարդանում է: Բանն այն է, որ պատգամավորին պատկանող նշված գործարանը հունվարի 26-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:

Կարո Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, թե գործարանի տարածքն իրեն է պատկանում, սակայն այն վարձակալել է Ավետիք Գալստյանը: Վերջինս էլ գյուղացիներից խաղող է մթերել, սակայն դեռևս գումարները չի վճարել: Տուժած բնակիչներն էլ հենց նրանից են պահանջում մթերված խաղողի դիմաց իրենց հասանելիք գումարները:

ArmLur.am-ի հետ զրույցում Քաղցրաշենի բնակիչ Ավետիք Բաղդասարյանը հայտնեց, որ չնայած առաջ եկած նոր հանգամանքին` շարունակելու են պայքարել. «Սեպտեմբերին խաղող եմ հանձնել, բայց մինչ օրս չեմ ստացել ոչինչ: Ես իմ փողի տերն եմ, իմ 120 հազար դրամն եմ ուզում. սպասում եմ, որ մեր պարտքերը տան, իսկ եթե ոչ, ապա ինչպես բոլորը, այդպես էլ ես` կպայքարենք, որ գումարները ստանանք»:

Կապ հաստատեցինք նաև «Շահումյան-Վին» գինու-կոնյակի գործարանի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ տնօրեն Ավետիք Գալստյանը տեղում չէ, իսկ գործարանը փակ է: Չնայած Ավետիք Գալստյանի հետ կապ հաստատելու մեր ջանքերին՝ նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Սյուզի Մուրադյան




Լրահոս