Հովհաննես Հովսեփյանը փորձում է ինքնահաստատվել. ո՞վ է պատասխանատու կտրուկ որոշումների բացասական հետևանքների համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնելով պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին` Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հարկային մարմինների արդյունավետ աշխատանքը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է: Եվ եթե ընդունենք Սերժ Սարգսյանի այս վիճահարույց գնահատականը, ապա կպարզվի, որ Հայաստանի ազգային անվտանգությունը վտանգված է:

Բանն այն է, որ Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո Պեկ համակարգում իսկական քաոս է ստեղծվել: Ինչպես արդեն մամուլը տեղեկացրել է` դադարեցվել է «կարգոների»` մեծաքանակ ապրանքներ ներմուծող եւ մաքսազերծող ընկերությունների աշխատանքը, ինչը նշանակում է, որ առաջիկայում հնարավոր է ներմուծվող որոշ ապրանքատեսակների դեֆիցիտ:

Նկատենք, որ առանց այդ էլ հազիվ ծայրը ծայրին հասցնող մանրածախ առեւտրով զբաղվող ձեռներեցների համար սա լուրջ հարված է, քանի որ նրանք «կարգոների» գործունեության դադարեցման արդյունքում ստիպված են լինելու իրենց ապրանքը մաքսազերծել ոչ թե քաշով, ինչպես նախկինում, այլ հատով` վճարելով չափազանց բարձր մաքսատուրքեր: Սա էլ իր հերթին հանգեցնելու է նաեւ այս ոլորտում մենաշնորհների հաստատմանը:

Սակայն այստեղ առավել կարեւոր է այն, որ անգամ ազգային անվտանգության աստիճան կարեւորվող կառույցներում չկա համակարգ, ամեն ինչ կախված է անձերից, եւ երբ այդ անձերը փոխվում են, համակարգերը բառացիորեն կաթվածահար են լինում:
Թեկուզ հենց վերը նշված դեպքում. անհասկանալի է, թե ինչու է նման որոշում կայացվել, եւ արդյոք այդ որոշման հեղինակը այն քննարկել եւ համաձայնեցրել է համակարգի կարեւոր օղակների հետ, արդյոք մինչ այս որոշումը հաշվարկվել են դրա բոլոր դրական եւ բացասական հետեւանքները: Կարելի է չկասկածել, որ նման բան չի եղել, պարզապես հերթական ղեկավարը փորձում է համակարգում ինքնահաստատվել` նման կտրուկ որոշումներ կայացնելով: Հակառակ դեպքում նորմալ երկրում պետք է որ այս որոշման կայացման անհրաժեշտությունը հիմնավորվեր:

Չի բացառվում, իհարկե, որ այդ հիմնավորումը ՊԵԿ նորանշանակ նախագահի կողմից ներկայացվել է, բայց կոնկրետ մեկ հոգու. նրա, ով հարկային մարմինների գործունեությունը համարում է ազգային անվտանգության խնդիր: Եվ ուրեմն, եթե անհրաժեշտ մարդուն անհրաժեշտ հիմնավորումները՝ կոնկրետ մարդկանց բիզնեսների վրա այս որոշման դրական ազդեցության մասին, ներկայացված են, ՊԵԿ ղեկավարի աշխատանքի հետ կապված որեւէ խնդիր չի լինի, «ազգային անվտանգությունն» էլ ապահովված կլինի: Ափսոս միայն, որ այս ամենի արդյունքում տուժում է մանր ու միջին բիզնեսի տնտեսական անվտանգությունը:




Լրահոս