Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ռուսական «Կոմերսանտին» տված ծավալուն հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության շուրջ: Նախ նա եւս մեկ անգամ ամրագրել է, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում ընդառաջել սահմանային վերահսկողության, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ միջնորդների կողմից տեւական ժամանակ արվող առաջարկություններին. «Նման մեխանիզմի անհրաժեշտությունը միտումավոր կերպով օրակարգ է բերում Երեւանը»,- ասել է Մամեդյարովը` նշելով, որ դա ՀՀ-ին պետք է ստատուս-քվոն պահպանելու եւ «ադրբեջանական տարածքների օկուպացիան» շարունակելու համար: «Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրս բերելուն պես միջադեպերն իսպառ կվերանան, եւ այլեւս հետաքննելու ոչինչ չի մնա»,- ասել է Մամեդյարովը:
Հետաքննության եւ սահմանային վերահսկողության մեխանիզմների ներդրման հարցում նման կոշտ մերժողական կեցվածքի` եւս մեկ անգամ ամրագրումը թերեւս պատահական չէ մարտի 31-ին ԱՄՆ-ում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Ալիեւ-Սարգսյան-Օբամա ակնկալվող հանդիպումից առաջ, որի ընթացում, ըստ ամերիկյան մամուլի, հենց այդ մեխանիզմների ներդրման հարցն է բարձրացվելու Օբամայի կողմից:
Հենց ամերիկյան կողմից ակնկալվող ճնշումների համատեքստում պետք է դիտարկել նաեւ Մամեդյարովի հարցազրույցի հաջորդ ուշագրավ հայտարարությունը 200 միլիոն դոլարի հայ-ռուսկան զենքի գործարքի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ին ուղարկված բողոքի նոտայի շուրջ: Մամեդյարովը ակնհայտորեն փորձել է վերախմբագրել Բաքվի կոշտ արձագանքը` հայտարարելով.«Նոտայի բովանդակությունը, ըստ էության, խնդրանք էր, որպեսզի Ռուսաստանը, երբ զենք է մատակարարում Հայաստանին, հաշվի առնի, որ այդ զենքերը չպետք է հայտնվեն ադրբեջանական օկուպացված տարածքներում»: Այդպիսով` պաշտոնական Բաքվի բողոքի նոտան արդեն որպես խնդրանք ներկայացնող Մամեդյարովը փորձում է ստանալ ռուսական կողմի աջակցությունը` ամերիկյան կողմից սպասվող հնարավոր ճնշումներին ընդառաջ:
Ընդ որում, այդ նպատակով Ադրբեջանը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է կատարել զենքի գործարքների հետ կապված իր բոլոր պարտավորությունները` այդ կերպ նաեւ զենքի նոր խմբաքանակների ձեռք բերման պատրաստակամություն հայտնելով:
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ մարտի 31-ին ԱՄՆ կատարելիք այցից առաջ Բաքուն փորձում է իրեն ամեն կերպ ապահովագրել. մի կողմից Իլհամ Ալիեւն է մեկնում Անկարա, որտեղ մի քանի րոպե չընդհատվող հրապարակային գրկախառնություններով ու համբույրներով փորձում է ցույց տալ, թե ինքն ու Էրդողանը «նույն մարդն» են, մյուս կողմից էլ՝ Մամեդյարովն է ռուսական ուղղությամբ ռեվերանսներ անում: Ըստ երեւույթին` Բաքվում մտահոգվելու լուրջ պատճառներ ունեն: