Թեեւ նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների հիմնական մասը առջեւում է, այդուհանդերձ, արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունները պատրաստվում են զիջումների գնալ առավել շատ քննադատվող մի քանի դրույթների հարցում: Խոսքը ընտրացուցակներում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայության, լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման, ինչպես նաեւ մի քանի այլ դրույթների մասին է, որոնց առկայությունն անցանկալի լինելով հանդերձ, այդուամենայնիվ, չի հանդիսանում ընտրակեղծարարության ապահովման ուղղակի մեխանիզմ:
Մինչդեռ ընդդիմության այն հիմնական առաջարկները, որոնց ընդունման դեպքում պարզապես բացառվելու է ընտրակեղծիքների հնարավորությունը, իշխանությունները կատեգորիկ կերպով մերժում են: Խոսքը նախ եւ առաջ ստորագրված ընտրացուցակների հրապարակման մասին է, որի մերժման հարցում իշխանությունների բերած հիմնավորոմը` ՍԴ 2012թ մայիսի որոշման մասով, որեւէ քննության չի դիմանում: Նախ՝ ՍԴ այդ որոշումը իմպերատիվ կերպով չի արգելում ստորագրված ընտրացուցակների հրապարակումը, բացի այդ` մենք արդեն իսկ ընդունել ենք նոր Սահմանադրություն, որի 7-րդ հոդվածով գաղտնի է հենց քվեարկությունը եւ ոչ քվեարկության մասնակցությունը:
Ընդդիմության ներկայացրած եւ իշխանությունների կողմից մերժված հաջորդ առաջարկությունը վերաբերում է ընտրական գործընթացի նկարահանմանը, որի հետ կապված եվս նախագծի հեղինակների բերած հիմնավորումներն ուղղակի զավեշտալի են. նրանց ներկայացմամբ դա արդեն իսկ արվում է լրագրողների կողմից (այն լրագրողների, որոնց մուտքը ընտրատեղամասեր այս նույն նախագծով փորձ է արվում սահմանափակել):
Ինչ վերաբերում է մատների թանաքոտման մերժման հարցում ՀՀԿ-ականների բերած պատճառաբանություններին, ապա դրանք առհասարակ ծիծաղ են հարուցում: Պատկերացնում եք՝ ՀՀԿ-ականներն այս մեխանիզմը «հետադիմական» են համարում` հավանաբար նկատի ունենալով Գալուստ Սահակյանի «գերառաջադիմական» պնդումը, թե ոչ մի հայ տղամարդ թույլ չի տա, որ իր կնոջ մատը թանաքոտեն:
Իսկ, ահա, ցուցակների մաքրման առաջարկին էլ ԿԸՀ ղեկավարն է արձագանքում, թե «մենք արդեն իսկ ունենք իդեալական ցուցակներ»: Միով բանիվ` ամեն ինչ արվում է, որպեսզի իշխանության վերարտադրության համար կարեւորագույն կետերում որեւէ նահանջ չլինի, իսկ, ահա, միջազգային կառույցներին հաճոյանալու համար` նախագծի հեղինակները կհրաժարվեն ի սկզբանե հենց այդ նպատակով ներմուծված վերը նշված մի քանի ոչ էական դրույթներից:
Այս միանգամայն կանխատեսելի սցենարում անհասկանալի է ընդդիմության դիրքորոշումը. ի վերջո, ինչ են անելու նրանք, որն է լինելու իշխանության «փոխզիջումային» տարբերակի դեմ նրանց հակաքայլը: Այս հարցի պատասխանը, ցավոք, առայժմ չկա, եւ դատելով ԸՕ շուրջ առաջարկությունների ներկայացման հարցում ընդդիմադիր ուժերի պահվածքից` մինչեւ հունիսի 1-ը չի էլ լինի: