
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ մարտի 17-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը գտնվել է Բրյուսելում և մասնակցել ԵԺԿ գագաթնաժողովին, որին մասնակցում էր Նաև ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Թեեւ մենք զրուցել էինք նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մուսինյանի հետ, ու նա չէր հերքել Բաղդասարյանի Բրյուսելում լինելու փաստը, այնուամենայնիվ, «Հայկական վերածնունդ» կուսակցության տեղեկատվական և քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը մեզ հավելյալ հայտնեց. «Արթուր Բաղդասարյանը մարտի 17-ին չի գտնվել Բրյուսելում, չի մասնակցել ԵԺԿ գագաթնաժողովին ու Սերժ Սարգսյանի հետ չէր կարող հանդիպել»:
Ըստ Էդգար Առաքելյանի` Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսել է մեկնել մարտի 21-ի առավոտյան, որտեղ տեղի են ունեցել մի շարք բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ, այդ թվում նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպումներ են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցելության մասին մանրամասն մամուլին պաշտոնապես կտեղեկացվի այսօր: