Գորիսի ոստիկանապետի լիազորությունները դադարեցվեցին, մնացին մարզային դատախազն ու քննչականի ղեկավարը. բացառիկ տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները: Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Այսպիսով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մաքրեց համակարգը կասկածելի տարրերից` մնացածը թողնելով քննության ավարտին: Իսկ ինչպե՞ս կվարվի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որ իր դատախազը պարտակել է հանցանքը եւ «գործ սարքել» Արթուր Գեւորգյանի գլխին` նրան բանտախուց ուղարկելով: Անհայտ է նաեւ, թե ինչ պատիժ է սպասվում ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Վահան Դաղունցին, որը սարքել է գործը եւ ծեծի ենթարկված քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցել ՀՀ քր. օրենսգրքի 316 հոդվածի` իշխանության ներկայացուցչին դիմադրելու հատկանիշներով: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

Հավելենք, որ մեր տեղեկություններով հարուցված քրգործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ուղարկվել: Այս մասին, սակայն, դեռևս պաշտոնապես չի հայտարարվել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է: Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ: Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով փորձել է նրան ներս տանել:

Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով և ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս: Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքների ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով: Դեպի մանրամասները հրապարակվել են ArmLur.am-ում՝ համապատասխան տեսանյութով: Ոստիկանապետից բացի, ռեստորանում են եղել նաև այլ իրավապահներ:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, որի նախաքննության ընթացքում մեղադրյալը նաև ցուցմունք է տվել իրավապահների կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին:




Լրահոս