ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը 2016թ. մարզերի բնակչության համար իրականացնում է ժամանակավոր զբաղվածություն ապահովող 2 նոր ծրագիր՝ Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում և Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում (պիլոտային ծրագիր):
2016թ. նախատեսված է իրականացնել Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման 30 ծրագիր հանրապետության 9 մարզերում: Ծրագրի նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումն է և համայնքներին աջակցելը: Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է հանրապետության բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում: Ծրագրում ընդգրկվել կարող են ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք:
Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ այն անձանց, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան կամ սոցիալական նպաստ, ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս երեխա կամ հաշմանդամություն ունեցող անձ, ինչպես նաև վերադարձող միգրանտներին:
Վարձատրվող հասարակական աշխատանքները կազմակերպվում են հետևյալ ոլորտներում՝
1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգում և հարակից տարածքների բարեկարգում,
2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգում,
3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքներ,
4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգում,
5) գերեզմանատների ցանկապատումն, բարեկարգում,
6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքներ:
Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
Ծրագրերի համար հատկացված գումարի չափը 45 մլն. ՀՀ դրամ է:
2016թ. 1-ին եռամսյակում նախատեսված է իրականացնել 8 ծրագիր: Ներկայումս Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի կողմից հաստատվել և ընթացքի մեջ է մեկ ծրագիր՝ 15 մասնակիցներով:
Երկրորդ ծրագիրը պիլոտային է՝Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում ծրագիր, որի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանումն է: Ծրագիրը փորձարկվում է առաջին անգամ: 2016թ. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում նախատեսված է իրականացնել 50 ծրագիր` 50,0 մլն. ՀՀ դրամի սահմաններում:
Ծրագրում ընդգրկվել կարող են ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված անմրցունակ անձինք, ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը մեկ միլիոն դրամ է:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ուղղությունները`
1) անասնապահական աշխատանքների կատարման համար նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը.
2) անմրցունակ անձի կողմից կենդանիների և ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ, 3) անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 230.0 հազ. դրամ.
4) անասնաբույժին՝ յուրաքանչյուր ծրագրի մասով աշխատանքների իրականացման համար նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով` մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով՝ ներառյալ եկամտային հարկը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
1-ին եռամսյակում նախատեսված 12 ծրագրից դեռևս ներկայացվել է մեկ ծրագրի առաջարկ:
Մարզերում մեկնարկել է նաև Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում ծրագիրը, որի բյուջեն նախորդ տարվա համեմատ անփոփոխ է և կազմում է շուրջ 1մլրդ 125 հազար դրամ, որի շրջանակներում նախատեսված է տարվա ընթացքում պայմանագիր կնքել 3217 հողօգտագործողի հետ: 1-ին եռամսյակում նախատեսված 350 ծրագրից, 69-ը իրականացման փուլում է:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման և Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրերում ընդգրկված անձանց ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին