Ինչո՞ւ կրտսեր Սարգսյանը պետական պարգև ստացավ ավագ եղբորից. մի՞թե հնարավոր չէր սպասել հաջորդ նախագահին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ երեկ ողջ աշխարհը ցնցված հետեւում էր Բրյուսելում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի նախագահական նստավայրում տեղի էր ունենում պարգեւատրման արարողություն. Սերժ Սարգսյանը հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ բարեգործական ակտիվ գործունեության համար «Փյունիկ» հիմնադրամի ներկայացուցիչներին եւ մի շարք անհատ բարերարների պարգեւատրում էր պետական բարձր պարգեւներով:

Մասնավորապես նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրեց «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Լեւոն Սարգսյանին, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շահե-Հակոբ Կարամանուկյանին, ինչպես նաեւ երախտագիտության մեդալներով` բարերարներ Սարգիս Կազանչյանին, Վիգեն Չանփարջիին, Արթին Վարդանյանին եւ Արուշ Եսայանին:

Նշենք, որ ամենաբարձր պարգեւի արժանացած Լեւոն Սարգսյանը նույն ինքը` Սերժ Սարգսյանի կրտսեր եղբայրն է: Իհարկե, ժխտել, որ «Փյունիկը» հատկապես անցած 8 տարիներին բավականին կարեւոր եւ ծավալուն ծրագրեր է իրականացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, դժվար է: Եվ այդ հարցում, բնականաբար, իր մասնակցությունն ունի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար եւ համահիմնադիր Լեւոն Սարգսյանը: Սակայն արդյոք այդքան պարտադիր էր, որ հենց իր ավագ եղբոր ձեռամբ նա ստանար այդ բարձր պարգեւը:

Միթե հնարավոր չէր սպասել, օրինակ, եւս երկու տարի եւ հայրենիքին մատուցած ծառայությունների դիմաց գնահատանքի դրսեւորումը ստանալ ՀՀ հաջորդ նախագահից, որը, հուսանք, որեւէ ազգակցական կապ չի ունենա Սարգսյանների գերդաստանի հետ: Առավել եւս, որ նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացրել դեռեւս 1998թ-ից եւ կարծես թե առաջիկա տարիներին եւս շարունակելու է իր գործունեությունը:

Իհարկե, ոմանք կարող են ասել, թե ոչ մի նշանակություն չունի այն, որ կրտսեր Սարգսյանը բարձրագույն պետական պարգեւը ստանում է իր ավագ եղբորից, եթե նա իրականում արժանի է դրան: Նման պնդումն, իհարկե, տեղին կլիներ, եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում հանրությունն ականատես չլիներ, թե ինչպես են նրա հարազատները մեկը մյուսի հետեւից աղետալի արագությամբ մուլտիմիլիոնատերեր դառնում, եւ վստահ լիներ, որ այդ գործընթացի հետ որեւէ կապ չունի Սերժ Սարգսյանի` նախագահ լինելու հանգամանքը:

Նման բան, սակայն, պատկերացնելն անգամ ծիծաղելի է, և հենց այդ պատճառով էլ Լեւոն Սարգսյանի` միգուցե եւ միանգամայն վաստակած այդ պարգեւատրումը ստվերվում է:




Լրահոս