Այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից բացի` նախատեսվում է նաեւ Ջանելիձեի հանդիպումը Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Սա այն ամբողջ տեղեկատվությունն է, որն այս պահին հայտնի է: Իսկ թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են բանակցելու ՀՀ եւ վրաց արտգործնախարարները, կարելի է միայն ենթադրել:
Ի թիվս հայ-վրացական քաղաքական օրակարգի ավանդական հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված նոր մարտահրավերների, ներկայումս ակտուալ են հատկապես տնտեսական համագործակցության հետ կապված ծրագրերը: Մասնավորապես արդեն տեւական ժամանակ է` խոսվում է իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տարանցելու նախագծի մասին, որի շուրջ հայկական կողմի համաձայնությունը ստանալու անհրաժեշտության մասին շուրջ մեկ ամիս առաջ Թեհրանում բարձրաձայնել էր Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Պակաս հրատապ չէ նաեւ Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի հետ կապված վերջին շրջանում ստեղծված ոչ միանշանակ իրավիճակը ինչպես ռուս-վրացական, այնպես էլ ռուս-հայկական բանակցությունների համատեքստում: Կան նաեւ մշտապես քննարկման կարոտ Լարսի օրումեջ փակվող անցակետի, աբխազական երկաթուղու, Ջավախքի, Թբիլիսիի հայկական համայնքին պատկանող շինությունների եւ էլի բազմաթիվ հարցեր, որոնց մասին բարձրաձայնվում են նման բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների ընթացքում, սակայն լուծումներն այդպես էլ չեն գտնվում:
Այդ հարցում, բնականաբար, կարեւոր դերակատարություն ունի Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, որի ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքը շատ կարեւոր է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում, որի հետ մենք ունենք ինչպես հնարավորությունների, այնպես էլ շատ լուրջ խնդիրների մեծ շրջանակ: Մինչդեռ Վրաստանում Հայաստանի դեսպանի գործունեության մասին ժամանակ առ ժամանակ մամուլ սպրդող տեղեկատվությունը ստիպում է մտածել, որ Վրաստանը Հայաստանի համար որեւէ նշանակություն չունի:
Ընդ որում, առավել մտահոգիչ է այն, որ նման տեսակետ է ձեւավորվում նաեւ վրացական կողմի մոտ:
Թե ինչով է պայմանավորված Հայոց ցեղասպանությունը «զավեշտալի իրադարձություն» որակած Յուրի Վարդանյանին հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների ընթացքը վստահած Սերժ Սարգսյանի` նման անլուրջ մոտեցումը, թերեւս գիտի միայն Սարգսյանն ինքը, բայց որ դրա արդյունքում ակնհայտորեն տուժում են հայ-վրացական հարաբերությունները, այլեւս դժվար է չտեսնել:
Ինչեւէ, հուսանք այսօր այս հարցը չի լինի Մ. Ջանելիձեի եւ Է. Նալբանդյանի բանակցային օրակարգի ամենակարեւոր կետը: