Ինչ հետևանքներ կունենան նոր որոշումները. ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցիչները տարրական գիտելիքներ չունեն, իսկ բուհերում հանրապետականացման գործընթաց է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում կայացվել է երեք ուշագրավ որոշում: Նախ` գործադիր մարմնում որոշվել է հիմնադրել ՀՀԿ-ին կից քաղաքական դպրոց: Այն, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, կկրի կուսակցության նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի անունը: Թե ինչով է պայմանավորված ՀՀԿ քաղաքական դպրոցի ստեղծման անհրաժեշտությունը, պարզ չէ: Շարմազանովը երեկ ընդամենը նշեց, որ «Եվրոպական երկրներում քաղաքական առաջադեմ կուսակցություններն ունեն քաղաքական դպրոց», եւ իրենք եւս ցանկանում են հետեւել այդ օրինակին:

Անկեղծ ասած` սա այն դեպքն է, երբ ՀՀԿ-ն Եվրոպայից առաջ է անցել` կուսակցական քաղաքական դպրոցների վերածելով գրեթե բոլոր պետական բուհերը, որտեղ խորհրդի նախագահներից մինչեւ ուսխորհրդի նախագահներ բացառապես ՀՀԿ-ականներ են, ովքեր այդ բուհերում դասապրոցեսները վերածել են հանրապետականացման գործընթացի: Բարեբախտաբար, առայժմ միայն՝ մասնակի:

Հուսանք, որ ՀՀԿ-ին կից քաղաքական դպրոցի ստեղծումից հետո գոնե հայրենի բուհերում հանրապետականացման աստիճանը կնվազի, եւ ՀՀԿ-ին անդամակցող երիտասարդները քաղաքականապես ավելի կիրթ կլինեն: Ի դեպ, վատ չի լինի, եթե այդ դպրոցում քաղաքական դասընթացներ անցնեն նաեւ ՀՀԿ հին գվարդիայի որոշ ներկայացուցիչներ, որոնք անգամ ամենատարրական քաղաքական գիտելիքների հարցում անմխիթար կարողություններ ունեն, ինչը պարբերաբար դրսեւորում են Ազգային ժողովում:

ՀՀԿ ԳՄ-ի երեկվա երկրորդ որոշումը վերաբերում է կուսակցական հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելուն: «Կուսակցությունը որոշել է ստեղծել արտաքին կապերի հանձնաժողով, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն մեծ կարեւորություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը թե՛ ԵԺԿ-ի, թե՛ առաջին հերթին, բնականաբար, Ռուսաստանի ամենազդեցիկ քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիա»-ի հետ»,- պարզաբանել է Շարմազանովը: Փաստորեն, եթե մինչ օրս ՀՀԿ-ում այս երկու օտարերկրյա քաղաքական ուժերի հետ հարաբերությունների համակարգումը դրված էր մեկ-երկու ՀՀԿ-ականի վրա, ապա հիմա որոշվել է ընդլայնել պատասխանատուների շրջանակը` այդպիսով փորձելով նվազեցնել վերը նշված կոնկրետ անձանց դերակատարությունն այդ հարցում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի երեկվա երրորդ որոշմանը, ապա դա կուսակցության ծրագրի փոփոխությունն է աշնանը կայանալիք համագումարից առաջ: Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ի ծրագրերը 2006թ.-ից՝ շուրջ տասը տարի, մնացել են անփոփոխ: Մեր կողմից հավելենք, որ այդ ծրագրերի կատարման մակարդակը եւս մնացել է անփոփոխ` գրեթե զրոյականին մոտ:




Լրահոս