ՏՄՊՊՀ­-ն 5 միլիոն դրամով տուգանել է «Վեգա» խանութների ցանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 25-­ի նիստում հրապարակել է որոշում կենցաղային տեխնիկայի «Վեգա» խանութների ցանցի հանդեպ հարուցված վարույթի արդյունքների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին հանձնաժողովից, վարույթը հարուցվել էր խանութի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: Դեռևս հունվարին «Վեգան» գովազդային հոլովակների միջոցով հայտարարել էր, որ սրահում ներկայացված ողջ տեսականին վաճառվում է ինքնարժեքով:

ՏՄՊՊՀ կողմից իրականացված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Խանութը ինքնարժեքի մեջ ներառել է ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, վարչական, մարկետինգային և բոլոր մյուս ծախսերն ամբողջությամբ: Մինչդեռ ապրանքի ինքնարժեք հասկացության մեջ վերոնշյալ ծախսերը չեն կարող հաշվարկվել: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը փաստում է, որ խանութում առաջարկվող ապրանքները վաճառվում են ինքնարժեքից ակնհայտորեն բարձր գնով: Տնտեսվարողը պարտավոր է գովազդի միջոցով սպառողին տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկատվություն, ինչն այս դեպքում չի արվել: Անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեգա» խանութների ցանցի հանդեպ կիրառվեց տուգանք՝ 5 միլիոն դրամի չափով:




Լրահոս