«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը մարտի 13-ին հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պատրաստվում է իշխանափոխության 3-րդ փուլը նախաձեռնել: Սէֆիլյանը հայտնել էր, որ ծրագիրն իրականացնելու նպատակով առաջիկայում ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ են սկսվելու:
Նկատենք, որ արդեն երրորդ անգամ իշխանափոխություն ունենալու ցանկություն հայտնող քաղաքական ուժի հանդեպ ժողովրդի վստահությունն գնալով նվազում է, ինչի վառ ապացույցը նրանց կողմից իրականացվող ավելի ու ավելի սակավամարդ դարձող հանրահավաքներն են:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ` պարզելու, թե ովքե՞ր են պատրաստ բանակցություններ սկսել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, պատրաստվո՞ւմ եք միանալ «Նոր Հայաստանին»:
-Մենք ժամանակին «ոչ»-ի ճակատի համաժողովի ժամանակ միացած ենք եղել նրանց: Բայց նույն «Հիմնադիր խորհրդարան»-ն ամեն ինչ արեց, որպեսզի միասնությունը պառակտվի, ու պատահական չէ, որ ամեն ինչ մարեց ու «ոչ»-ի ճակատը միասնաբար հանդես չեկավ: Պատահական չէ, որ այսօր նրանք մնացել են մենակ, որովհետեւ գործիչները, ժողովուրդը ինտուիտիվ հասկանում են, որ անիմաստ է: Նրանք ինչ-որ ժամկետներ էին դնում, իշխանափոխություն էին անում, բայց հետո այդ ամենը ձեւափոխվեց ու դարձավ հրապարակում տոնածառ դնել, կարծես թե, այդ տոնածառ դնելով իշխանությունները պետք է հրաժարական տային:
Վերջում ամեն ինչ արդեն վերածվեց զավեշտի. հրապարակը զբաղեցվեց, բայց մարդկանց թիվը չէր մեծանում, ավելի էր փոքրանում: Ամեն անգամ նման ակցիաներ անելով եւ հրապարակը զբաղեցնելով՝ ցուցադրվում է, որ ժողովուրդը ընդդիմության հետ չի, որ հրապարակը դատարկ է: Բնականաբար այս ամենը ձեռնտու է իշխանություններին: Հիմա նրանք հայտարարում են երրորդ փորձը, որն արդեն դառնում է կոկա-կոլայի գովազդը: Նրանք պետք է ազնիվ լինեն եւ բացատրեն, թե ինչու առաջին երկու փորձերը անհաջողության մատնվեցին, որովհետեւ երբ մարդ երրորդ փորձն է անում, նշանակում է՝ մյուսները հաջողությամբ չեն պսակվել: Նրանք կա՛մ չեն հասկանում, կա՛մ իշխանությունների պահանջն են կատարում, ես այլ կերպ ես չեմ կարողանում բացատրել:
Իհարկե, նրանց մեջ գրագետ մարդիկ էլ կան, լուրջ գիտնականներ, իմ համար անհասկանալի է, ոնց են պրիմիտիվ քայլերով հրապարակ զբաղեցնում: Իրենց արածը իմ համար հասկանալի չի, չի տեղավորվում տրամաբանությանս մեջ: Եթե նրանք ասելիք ունեն, իրենց գրասենյակում թող հավաքվեն, ասուլիս անեն, որեւէ ակումբում հյուր գնան, իրենց ասածները ասեն: Անգամ լինում են պահեր, որ հրապարակում նրանցից ոչ մեկ չի լինում: Խեղճ ու կրակ մեկին հերթապահ են դնում այդտեղ… դա վարքաբեկում է ամեն ինչ: