Ավտոներկրողները սպասում են օրենքի վավերացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Ազգային ժողովը մարտի 17-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ հավանություն տվեց ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող մեքենաների համար 20 տոկոսի չափով ավելացված արժեքի հարկ չգանձելու մասին օրինագծին: Սակայն պարզվում է` մեքենա ներկրող քաղաքացիներից ԱԱՀ-ի գանձումները շարունակվում են: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մտահոգ քաղաքացիներից, ովքեր հետաքրքրվում են, թե ի վերջո, երբ է օրենքը սկսելու կիրառվել:

Հիշեցնենք, որ խնդրի մասին բարձրաձայնվեց այս տարվա փետրվարին, երբ ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան Երեւանում հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը խիստ հակասում Է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին: Խոսքը ԵՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ Հայաստանի կողմից 20 տոկոս ավելացված արժեքի հարկ գանձելու մասին Էր: Ռուս պաշտոնյայի հայտարարությունից հետո կառավարությունը ընթացք տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծին:

Ըստ այդմ, մեկ տարվա ընթացքում մեկ ֆիզիկական անձը կարող Է ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրել մեկ ավտոմեքենա եւ ազատվել 20 տոկոս ԱԱՀ վճարելու պարտավորությունից:

ՀՀ Ազգային ժողովն էլ մարտի 17-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ավելացված արժեքի հարկ չգանձելու մասին օրինագծին: Սակայն չնայած դրան ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծելու դեպքում շարունակվում է 20 տոկոս ԱԱՀ-ի գանձումը:

Տեղեկացնենք, որ 2014 թվականին Հայաստան էր ներկրվել 347 միլիոն դոլարի, իսկ 2015-ին` ընդամենը 196 միլիոն դոլարի տրանսպորտային միջոց:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվեց, թե ԵՏՄ տարածքից ավտոմեքենայի ներմուծման դեպքում քաղաքացին որքան ժամանակ կարող է ԱԱՀ չվճարել եւ հայտարարագիր չներկայացնել:

Պարզվեց, որ ԵՏՄ միության անդամ պետություններից ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը, հայտարարագրի հարկային ներկայացումը կատարվում է ներմուծման ամսվան հաջորդող ամսվա մինչեւ 20-ը: Իսկ եթե ներմուծված ավտոմեքենան 5 տարուց ավել թողարկման տարեթիվ ունի, պետք է քաղաքացին նաեւ բնապահպանական վճար վճարի՝ ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, որի չափը կախված է մեքենայի թողարկման տարեթվից. եթե 5-ից մինչեւ 10 տարի է՝ 2 տոկոս, 10-15՝ 10 տոկոս, իսկ 15-ից ավելի դեպքում՝ 20 տոկոս:

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի՝ 169 պրիմ 1 եւ 170 պրիմ 3 հոդվածներով հարկի գումարը չվճարելու եւ հայտարարագիր չներկայացնելու համար 10-20 հազար դրամի չափով վարչական տուգանք է սահմանվում: Այսինքն՝ հայտարարագիրը, հարկերը եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով: Օրինակ՝ հարկի գումարը չվճարելու համար օրական 0.15 տոկոսի չափով տույժ է հաշվարկվում, իսկ հայտարարագիրը չներկայացնելու համար յուրաքանչյուր լրացված 15 օրվա համար հաշվարկված հարկի գումարի 5 տոկոսի չափով տուգանք:

2014 թվականի 242 համարի օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում է հարկման բազան. քաղաքացին պետք է որոշի հարկման բազան՝ ելնելով ապրանքի ձեռքբերման արժեքից ու մինչեւ Հայաստանի սահման կատարված փոխադրման ապահովագրման եւ համանման ծախսերից: Ինչքան կկազմի այդ բազան, դրա 20 տոկոսը արդեն կհաշվարկվի:

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ի կողմից օրինագիծը ընդունվելուց հետո այն ուղարկվել է ՀՀ նախագահի վավերացմանը: Սովորաբար եթե հրատապ է լինում օրինագծի վավերացումը, ապա պաշտոնական տեղեկագրում այն սովորականից նույնքան արագ է հայտնվում, որից 10 օր հետո նոր մտնում է ուժի մեջ: Այս դեպքում հնարավոր է, որ մեկ շաբաթ տեւի՝ մինչեւ պաշտոնական տեղեկագրում դրա հրապարակվելը:

Այսինքն՝ դա ենթադրում է, որ լավագույն դեպքում 20-25 օր կտեւի, մինչեւ օրենքը ուժի մեջ մտնի:

Մինչդեռ գործընթացները արագացնելու դեպքում օրինագիծը կարող էր արդեն ապրիլի 1-ից ուժի մեջ մտնել: Սակայն այսօր ակնհայտ է, որ տեմպը արհեստական զարգացնելու գործիքներ չեն կիրառվում, եւ ամեն ինչ ընթանալու է սովորական ընթացակարգով: Ամենայն հավանականությամբ, օրենքը կկիրառվի ապրիլին. ամսվա սկզբին, թե վերջին, դեռեւս անհայտ է: Ի դեպ, նախագահականի պաշտոնական կայքէջում Սերժ Սարգսյանի վերջին ստորագրած օրենքները թողարկված են մարտի 4-ի ամսաթվով:

Հ. Գ. «Ժողովուրդ»-ին դիմած ավտոներկրող քաղաքացիները դժգոհում են նաեւ այն փաստից, որ կառավարությունը չի պատրաստվում հետ վերադարձնել մեկ տարի շարունակ քաղաքացիներից ապօրինի գանձած ԱԱՀ-ն: Ըստ կառավարության՝ թեեւ դա օրենսդրական բաց Է եղել, սական կատարված փոփոխությունը հետադարձ ուժ չի կարող ունենալ: Ուստի քաղաքացիներից ապօրինի գանձված գումարները հետ չեն վերադարձվելու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս