ՎԱՏ ՀԱԳՆՎՈՂՆԵՐԻՆ ՉԻ ՆԿԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորաձեւության գիտակ, դիզայներ ՖԱԻՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրույցում իմացանք, թե ինչն է այս տարի նորաձեւ, որքանով են ճաշակով հագնվում հայ աղջիկները, եւ ովքեր են նորաձեւ աստղերը: 
-Այս ամռանը ո՞ր գույներն են նորաձեւ: 
-Վառ, նեոնային, պաստելային, շատ ռոմանտիկ երանգները: Սպիտակը, բնականաբար, ամեն ամառ նորաձեւ է: Այս սեզոնին շատ նորաձեւ է լինել կանացի` շորիկներ, նուրբ հագուկապ: 
Ո՞ր թվականների նորաձեւությունն է վերադարձել:
-50-60-ականներինը, բայց եւ 20-ականների նորաձեւության տենդենցները շատ են: Այս սեզոնին զգեստներն են ակտուալ, բայց մինիմալիստական լուծումներով: Քարերն ու փայլը նույնպես իրենց գերակշռող տեղն ունեն:
-Ասում են՝ այս տարի փայլունն է նորաձեւ` ոսկեգույն, արծաթագույն… Արժի՞ ամռանը նման հագուստ կրել:
-Նայած թե որտեղ եւ ինչի համար են կրում: Երբ ասում են՝ այսինչը կամ այնինչն է նորաձեւ, պետք է հաշվի առնել՝ ուր ես գնալու այդ հագուկապով, ինչ առիթ է: Որ ասացի՝ նորաձեւ է սպիտակը, ամեն մեկը չի կարող սպիտակ հագնել: Նույն բանն էլ փայլն է: Բնականաբար, գեղեցիկ չի լինի կարճ, փայլուն շորիկով դուրս գալ քաղաքում զբոսնելու: 
-Ի՞նչ եք կարծում, հայ աղջիկները կարողանո՞ւմ են ճաշակով հագնվել:
-Ես շատ պոզիտիվ եմ այս կյանքին նայում եւ վատ հագնվողներին աշխատում եմ չնկատել: Տեսնում եմ միայն ոճային, վառ գույներով, գեղեցիկ հագնված մարդկանց, այն, ինչը հաճելի է ինձ: Բայց ասեմ, որ աղջիկների ճաշակը գնալով լավանում է: Անկախ ամեն ինչից՝ մեր աղջիկներն ամենալավն են:
-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են ամենանորաձեւ հայ հայտնիները, որոնք իրենց ոճն ունեն:
-Ես կարող եմ նրանց այսպես դասակարգել. երգչուհի, ով գիտի, թե ինչն է նորաձեւ, ու միշտ ցնցող տեսք ունի, Սիրուշոն է: Եթե խոսեմ ստացված կերպարների մասին, շատ հավանում եմ Լիլիթ Հովհաննիսյանին: Շատ գրագետ է հագնվում Լուսինան, նա ինքն էլ ընտրում է իր զգեստապահարանը:
-Իսկ տղամարդկանցի՞ց:
-Ես կառանձնացնեմ Անդրեին, նա՝ որպես արտիստ, ճիշտ տեսք ունի, Էրիկն է շատ նորաձեւ, օրիգինալ է Արսեն Գրիգորյանը, նա միշտ տարբերվում է իր ոճով:
-Դուք ունեք նաեւ նորաձեւության տուն, ո՞ր տարիքային խմբի հաճախորդներն են ամենից շատ օգտվում:
-Ես կարող եմ պարծենալ, որ իմ հաճախորդները 15 տարեկանից մինչեւ 65 տարեկան են: Բայց ամենից շատ երիտասարդությունն է, որովհետեւ ես մտածում եմ այնպես, ինչպես նրանք: 
-Հաճախորդի ցանկությունը հաշվի առնո՞ւմ եք, թե՞ Ձերն եք առաջարկում ու համոզում նրան: 
-Պատահում է, որ հատուկ բաներ են ուզում, բայց նաեւ շատ վստահում են: Սուտ է, երբ դիզայներն ասում է, որ ամեն ինչ ինքն է մտածում, իրականում հաճախորդի ցանկությունը հաշվի է առնվում: Լինում են հաճախորդներ, որ իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ինչ են ուզում: Ես շատ դիվանագետ եմ ու կարողանում եմ խոսել հաճախորդի հետ: Հետո էլ մենք բոլորս աշխատում ենք, դա բիզնես է, ու կարեւորը քո իմիջն է, հեղինակությունը:
-Կարո՞ղ են բոլորն օգտվել Ձեր ծառայություններից, թե՞ դա ամեն մեկի գրպանին հասանելի չէ:
-Ինձ թվում է՝ ես մյուս հայ դիզայներներից ավելի մատչելի գներով եմ կարում: Միգուցե ավելի թանկ եմ, քան սովորական ատելյեն, բայց փորձում եմ բոլորին հասանելի լինել: 
-Դիզայներական մի զգեստն ի՞նչ արժե:
-80, 120 հազար դրամ, դե նայած` ինչ շոր է, ինչ կտոր, ինչ մոդել, ինչ աշխատանք է վրան արվում: Իմ գները հորինված չեն: Առաջին մասնագիտությամբ ես տնտեսագետ եմ եւ կարողանում եմ ճիշտ հաշվարկել ու երբեք անիմաստ բարձր գին չեմ սահմանում: Նպատակ էլ չունեմ մի տարում հարստանալ, ինձ դուր է գալիս, որ ,Ֆաինաե շատերն են հագնում: Գներն ավելի մատչելի կլինեին, եթե Հայաստանում լինեին կտորի գործարաններ, բայց շատ հաճախ մենք ամբողջը դրսից ենք բերում:
-Ամենաթանկ հագուստը, որ կարել եք, ո՞րն է եղել:
-Հարսանյաց զգեստ էր՝ մոտ 4-5 հազար դոլարի կարգի, մնացած բոլոր հարսանյաց զգեստները բավական մատչելի են: Կարելի է եւ 1000 դոլարով զգեստ պատվիրել: Իսկ այդ հագուստի թանկ լինելը կապված էր ձեռքի աշխատանքի հետ, ամբողջը սվարովսկի քարեր էին, ժանյակն էլ հատուկ պատվիրված էր: Հիմա հայ հարսիկները շատ են կարում, որովհետեւ բոլորն ուզում են ինքնատիպ լինել: Ու եթե այդ նույն գինը կարելի է տալ հարսի զգեստ կարելու համար, ինչո՞ւ վարձակալել: 
-Դուք բոլորին խորհուրդ եք տալիս, թե ինչպես հագնվել, իսկ ո՞վ է Ձեր ոճաբանը:
-Ես ինքս եմ ընտրում իմ հագուստը, մաքսիմում կարող եմ խորհուրդ հարցնել սիրելի մարդկանցից: Ինքս էլ կրում եմ իմ հեղինակած զգեստը, եթե, իհարկե, ջինս չէ, որովհետեւ ջինսեր դեռ չենք արտադրում: Եթե ես ինքս չկրեմ իմ ստեղծածը, ուրեմն իրավունք էլ չունեմ ուրիշներին խորհուրդ տալ: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 582 համար




Լրահոս