«ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Իրինա Դանիելյանին վերջին շրջանում չենք տեսնում որեւէ ներկայացման շրջանակում, նա չի երեւում նաեւ էկրանին: Դերասանուհին «Ժողովուրդ»-ին պատմել է իր բացակայության պատճառների մասին, խոսել է անձնական կյանքից, իր կին եւ մայր տեսակի բնորոշ գծերից:

-Տիկի՛ն Դանիելյան, այս պահին, կարծես, ոչ մի նախագծում ընդգրկված չեք, ինչո՞վ է պայմանավորված այս ստեղծագործական դադարը:
-Տվյալ պահին դադար է, պարզապես ոչ մի առաջարկ չկա:
-Հիմա ի՞նչ դերեր կցանկանայիք խաղալ:
-Երբեք չեմ ունեցել նման երազանքներ, ինչ դեր առաջարկել են, հիմնականում սիրել եմ:
-Նախկինում Ձեզ տեսնում էինք Հանրային հեռուստաընկերության «Մեր մեջ ասած» նախագծում: Ինչո՞ւ դուրս եկաք, ինչո՞ւ էլ չեք վարում հաղորդումը:
-Ես ոչ թե դուրս եկա, այլ ինձ տեղափոխեցին Հանրայինի մեկ այլ` «Ընտանյոք հանդերձ» նախագիծ: Կարծեմ՝ որոշ մտահղացումներ կան, ըստ որոնց՝ սիթքոմը, հնարավոր է, շարունակություն ունենա:
-Ներկա պահին, փաստորեն, աշխատանք չունեք, ինչպե՞ս եք լուծում ֆինանսական խնդիրները: Գուցե բիզնե՞ս ունեք:
-Ոչ մի նման բան չունեմ. ինձ կա՛մ օգնում են, կա՛մ ինչ-որ բաներ կուտակում եմ, հատուկ բիզնես չունեմ: Հուսով եմ` հենց որդիս վերջացնի ծառայությունը, ինքն էլ կլինի իմ հիմնական օգնականն այդ առումով:
-Տիկի՛ն Դանիելյան, այսօր մտավորականները համախմբվել են եւ փորձում են բողոքի ձայն բարձրացնել Հին Երեւանի պատմական շերտի վերացման դեմ: Դուք այս խնդրի շուրջ մտահոգություններ ունե՞ք:
-Իհարկե ունեմ, բայց, ճիշտն ասած, արդեն այնքան են քանդել, որ այդ մտահոգությունն էլ է ավարտվում, ինձ թվում է` քանդելու բան էլ չի մնացել: Միեւնույն է` մենք այն ուժը չունենք, որ այդ հարցում մեր քաղաքին օգտակար լինենք, եթե կարողանայինք մի բան անել, մինչեւ այս պահը պետք է անեինք, թե չէ էլ ի՞նչ է մնացել որ:
-10-20 տարի առաջվա Երեւանը կարոտո՞ւմ եք:
-Տարիքը որ գալիս է, դրանից հետո բոլորի մոտ էլ նոստալգիկ հոգեվիճակ է արթնանում, չգիտեմ` իսկապես այն ժամանակ ավելի լավ էր, քան հիմա, թե՞ այն ժամանակ լավ էր, որովհետեւ երիտասարդ էինք: Համենայն դեպս, ես սիրում եմ այն, ինչ ունեմ այսօր եւ երբ երկրից բացակայում եմ, կարոտում եմ իմ ներկայիս ընկերներին:
-Իսկ երկրից բացակայելու առիթները անձնակա՞ն, թե՞ գործնական բնույթ են կրում:
-Առայժմ գործնական չեն. վերջին անգամ, օրինակ, գնացել էի ԱՄՆ` ընկերուհուս մոտ: Ճիշտն ասած` շատ եմ սիրում այդ երկիրը, հարգում եմ տեղի գործող օրենքները, բայց այնտեղ ապրել երբեք չեմ ուզել:
-Քանի որ կանանց միամսյակն է, մի քիչ էլ մեր սեռին վերաբերող թեմաներից զրուցենք: Հետաքրքիր է` կյանքի այս փուլում Ձեր վախերն ու տագնապները ինչի՞ հետ են կապված:
-Երեւի աշխատանքի պակասի հետ: Գումար վաստակելու, ապահովված կյանքով ապրելու մասին է խոսքը: Միշտ էլ ուզում ես նորմալ, բարեկեցիկ կյանքով ապրել:
-Իսկ միայնությունը վախեցնող չէ՞:
-Չէ:
-Բայց Դուք Ձեզ միայնակ համարո՞ւմ եք, թե՞ Ձեր կողքին կա մեկը, որի մասին պարզապես չեք խոսում:
-Չէ, ես ինձ միայնակ չեմ համարում, իհարկե, բայց միայնությունից չեմ վախենում: Չեմ ասում, թե դա լավ բան է, բայց դա այն բանն էլ չէ, որի մասին մտածելիս պետք է սարսափով ապրես:
-Ինքնաբա՞վ անձնավորություն եք:
-Կարծում եմ` այո:
-Իսկ կա՞ բնավորության գիծ, որը Ձեզ խանգարում է:
-Մի քիչ բծախնդիր բաներ ունեմ, բայց չէ, դա էլ նորմալ է…
-Հայ մայրը, առհասարակ, անձնազոհ տեսակ է, մոր Ձեր տեսակն ինչպիսի՞ն է:
-Ես, երեւի, եվրոպացի մայր եմ, իմ անձնազոհությունը չափի մեջ է, առհասարակ, ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Ո՞ր մի ծնողն իր երեխային չի սիրում, միգուցե բոլոր նրանք, ովքեր խոսում են անձնազոհությունից, պարզապես խոսողնե՞ր են:
-Երբ ասացիք` եվրոպացի մայր եք, նկատի ունեք նաեւ, որ լիբերալ մոտեցումներ ունե՞ք:
-Միանշանակ, այո:
-Մտածե՞լ եք, որ վաղը, մյուս օրը կարող եք սկեսուր դառնալ:
-Հաճույքով, հաճույքով…
-Ձեր տղան աղջիկ հավանելիս Ձեզ հետ խորհրդակցո՞ւմ է:
-Չէ, չէի ասի:
-Իսկ Դուք Ձեր անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ նրա հետ զրուցո՞ւմ եք:
-Չեմ կարծում, որ կիսվելու խնդիր կա, մենք ապրում ենք իրար հետ եւ միմյանցից ոչինչ չենք թաքցնում: Իհարկե, այս պահին որդիս ինձ հետ չէ, նա ծառայում է Հայոց բանակում:
-Անհանգի՞ստ մայր եք:
-Այդքան անհանգիստ չեմ, իր կողմից էլ մեծ ուշադրություն կա իմ նկատմամբ, իսկ, առհասարակ, անհանգստության առիթ նա չի տալիս:
-Իսկ հիմա Ձեր կարիերայի հետ կապված ինչ-որ նպատակներ ունե՞ք:
-Դեռ ոչ, որպես այդպիսին կան ցանկություններ:
-Ինչ-որ բանից հոգնե՞լ եք:
-Ոչ, ամենեւին, ինձ մոտ ստեղծագործական մտքեր չեն գալիս, ուրիշի մոտ կգան, նրանք էլ կկիսվեն, մի բան կանենք: Բացարձակ չեմ հոգնել. ապրում եմ երջանիկ, արթնանում եմ երջանիկ, սիրում եմ կյանքը:

 

 

 
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԾԿՈՒՄԸ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ»

Վերջերս ռուսական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին այն մասին, որ Ռուսաստանում ձերբակալվել է այդ երկրի մշակույթի նախարարի տեղակալ Գրիգորի Պիրումովը: Նա կասկածվում է մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների վերականգնման եւ վերանորոգման համար նախատեսված բյուջետային միջոցների հափշտակման մեջ:

Այս եւ այլ երկրներում նման նախադեպերը մտածելու տեղիք են տալիս՝ արդյո՞ք մեր երկրում գործնականում նման բան հնարավոր է: Համեմատության համար հիշենք տարիներ առաջ աղմուկ հանած մի դեպք: 2010 թվականի փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետ Արեգ Հայրապետյանի նկատմամբ: Դա կատարվել էր ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, ըստ որոնց՝ Ա. Հայրապետյանը, որը նաեւ նախարարի նախկին խորհրդականն էր, օգտագործելով իր դիրքը` պետությունից հափշտակել էր ավելի քան 19 մլն դրամի գումար: Նա կազմակերպել էր նախարարության եւ իր իսկ կողմից 2004թ. հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊԸ-ի միջեւ իրավական ակտերի մշակման ծառայությունների գնման պայմանագրի կնքումը: Ինքն էլ ստորագրել էր պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության եզրակացությունները: Այնուհետեւ նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ստորագրել էր այդ չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները: Քրեական գործ էր հարուցվել նաեւ Ն. Տեր-Վարդանյանի նկատմամբ:
Կատարվածի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացրել էր ազգային անվտանգության քննչական ծառայությունը։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների՝ հետագայում գումարները վերականգնվեցին, իսկ գործը կարճվեց։ Առավել ուշագրավ է, որ մոտ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո Ա.Հայրապետյանը վերադարձավ նախարարություն` զբաղեցնելով իր նախկին պաշտոնը: Իսկ 4 տարի անց Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ եւ մինչեւ այսօր զբաղեցնում է այդ պաշտոնը:
Հայագետ, պատմաբան Արգամ Այվազյանի համոզմամբ՝ Հայաստանում դեռեւս շատ դժվար է ակնկալել այժմյան պաշտոնատար անձանց չարաշահումների դատապարտումն ու պատասխանատվության ենթարկումը. «Հանցագործությունների կոծկումը Հայաստանում կարծես թե արդեն դարձել է պետական գործելաոճ: Սա շատ ցավալի իրողություն է»,- եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԴՈՒՐՍ Է ՄՆԱՑԵԼ
«Դոմինո» սիթքոմի նոր եթերաշրջանը մեկնարկել է, ու այն պնդումները, թե ի տարբերություն Լիկա Սալմանյանի՝ մոդել-դերասանուհի Աննա Գրիգորյանը շարունակելու է հանդես գալ հումորային նախագծում, պարզվում է` հավաստի չէին: Աննան «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ այլեւս նախագծում չէ:
«Սիթքոմում չլինելու պատճառները շատ կարող են լինել, քանի որ, ինչպես փորձն է ցույց տալիս, դերասանները տարբեր նախագծերից դուրս են մնում ամենաանհեթեթ պատճառաբանություններով, ինչ-որ տեղ նաեւ՝ քմահաճույքով»,- նշել է նա՝ այդպես էլ չհստակեցնելով բուն պատճառը:

 

ԲԵԶՌՈՒԿՈՎՆ ԱՄՈՒՍՆԱՑԵ՞Լ Է
Հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը նախկին կնոջից` դերասանուհի Իրինա Բեզռուկովայից, բաժանվելուց հետո նոր ընտանիք է կազմել։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է OK! ամսագրի գլխավոր խմբագիր Վադիմ Վեռնիկը, ով այդ թեմայով SMS հաղորդագրություն է ստացել հենց Բեզռուկովից: «Մենք զագսավորվել ենք, սակայն չենք ուզում հնչեղ հայտարարությամբ հանդես գալ: Չենք ցանկանում, որ մեզ հարցուփորձ անեն` ինչպես, որտեղ, ոնց: Պահպանում ենք մեր երջանկությունը»,-գրել է դերասանը:
Հիշեցնենք, որ Բեզռուկովի ընտրյալը ռեժիսոր եւ սցենարիստ Աննա Մատիսոնն է:

 

ԱՍՈՒԼԻՍ՝ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպան, հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին Լիբանանում այցելել է սիրիացի փախստականների ճամբար, իսկ հետո հորդառատ անձրեւի տակ ասուլիս տվել: «Իրավիճակը սարսափելի ու ամոթալի է: Մենք չենք կարողանա իրավիճակը փոխել միայն հումանիտար օգնությամբ: Պետք է աշխատեն դիվանագետները, մեզ քաղաքական լուծումներ են պետք: Մենք չպետք է մոռանանք, որ չնայած հասարակական ուշադրությունը սեւեռված է Եվրոպայում փախստականների խնդրին, այս հարցում ամենամեծ լարվածությունը Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում է, որտեղ այդ խնդիրը վերջին հինգ տարիներին լուծում է պահանջում»,-ասել է Ջոլին:




Լրահոս