Հարց քաղաքացիներից` համատեղությամբ աշխատողներն ի՞նչ կարգով են օգտվում սոցիալական փաթեթի ծառայություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ համատեղությամբ աշխատողներն ի՞նչ կարգով են օգտվում սոցիալական փաթեթի ծառայություններից, եւ ինչպե՞ս է հաշվարկվում նրանց սոցիալական փաթեթի սահմանաչափը:

Դիանա Մելքոնյան (38 տարեկան, օպերատոր, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունների ցանկում: Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար: Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը (դրույքը) գումարվում է հիմնական աշխատաժամանակին (դրույքին): Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չի հանդիսանում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին (դրույքին) համապատասխան:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցփաթեթի գումարն աշխատողներին սեփականության իրավունքով չի պատկանում՝ բացառությամբ աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա՝ սոցփաթեթ ստանալու իրավունքը, եւ նա այլեւս աշխատող չի հանդիսանում) կամ աշխատողի մահվան դեպքում:




Լրահոս