ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ ՌՈՒՍՆԵՐԻ ՕՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր փետրվարի 23-ն է` Հայրենիքի պաշտպանի օրը, որը խորհրդային հին ու բարի ժամանակներում նշվում էր նաեւ Հայաստանում: Ու թեեւ արդեն քսան տարի է, ինչ  փոխվել են ոչ  միայն մեր հայրենիքի սահմանները, այլեւ նրա պաշտպաններին նվիրված տոները, այնուամենայնիվ, հայաստանցիների մեծ մասը մինչ օրս շարունակում է նշել փետրվարի 23-ը` իբրեւ «տղամարդկանց տոն»:  Ի դեպ,  այդ օրը ոչ պաշտոնապես նշում են ոչ միայն խորհրդային «նոստալգիկ տրամադրություններով» ապրող միջին սերնդի քաղաքացիները, այլեւ ՀՀ զինված ուժերում ծառայող  բարձրաստիճան զինվորականները: Եվ, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացվում է հայ-ռուսական զինված ուժերի համատեղ ջանքերով, կարելի է ասել, որ, անկախ պաշտոնական տոնացույցից, այս օրը  նաեւ  մեր հայրենիքի պաշտպանների օրն է: Ուստի, սա այն եզակի դեպքերից է, երբ մեր իշխանությունների` Ռուսաստանին հաճոյանալու եւ «մեծ եղբորն» ամեն ինչում կրկնօրինակելու գործելաոճը  միանգամայն տեղին կլիներ: Ընդ որում, դա որեւէ կերպ  չէր   նվազեցնի հունվարի 28-ին նշվող մեր ազգային տոնի` Հայոց  բանակի օրվա նշանակությունը: Միեւնույն է, այդպես թե այնպես, ամեն տարի ՀՀ իշխանությունները ամենաբարձր մակարդակով շնորհավորում են ռուս ժողովրդին Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Մինչդեռ դժվար է մտաբերել, թե երբ է  հայ ժողովուրդն արժանացել  ռուսական  իշխանությունների` նման բարձր մակարդակի շնորհավորանքներին: Նրանք բոլոր առումներով շարունակում են Հայաստանին վերաբերել որպես ֆորպոստի: Փոխարենը հայրենի իշխանական կաստան, չխախտելով ավանդույթը, հավաքվել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության դեսպանատանը` նշելու «մեծ եղբոր» պետական տոնը: Բնականաբար, ՀՀ վարչապետը հայ ժողովրդի անունից շնորհավորեց ռուս ժողովրդին` հիշեցնելով, որ մեր պատմության էջերը լի են փոխադարձ վստահության ու օժանդակության յուրօրինակ ոգով: Եւ մինչ Տիգրան Սարգսյանը իրեն հատուկ ժպիտով ռուսներին կբացատրեր, թե ինչքան բարեկամ ենք մենք, ինչքան ենք վստահում միմյանց, հաղորդագրություններ տարածվեցին իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից, որ հայկական բանակում սպանությունների թիվը տարեցտարի ավելանում է, որ Պաշտպանության նախարարությունը փորձել է 32 դեպք թաքցնել հասարակությունից: Մի խոսքով, իսկական «տոն» էր ֆորպոստ երկրում, որտեղ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Գլխավորը լայն ժպիտն է ու տոնական տրամադրությունը:




Լրահոս