Երեկ ԱՄՆ Հավայի նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հավայիի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձեւ, որում ասված է, որ նահանգը ճանաչում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա քաղաքացիներին, ճանաչում է զոհողությունները, վճռականությունը, որոնք ցուցաբերվել են ԼՂՀ ժողովրդի կողմից` ծայրահեղ դժվարությունների պայմաններում»: Բանաձեւում հիշատակված է տարիներ շարունակ Ղարաբաղի ժողովրդի մղած պայքարը, որը «դարձել է Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից մեկը եւ որը հանդիսանում է ինքնորոշման համար պայքարող բազմաթիվ ազգերի ոգեշնչման աղբյուր»: Ուշագրավ է, որ Հավայիի օրենսդիր մարմինը նաեւ արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղը հաստատուն քայլերով առաջ է գնում ժողովրդավարական ուղիով` անցկացնելով ազատ եւ անկախ ընտրություններ:
Այսպիսով` Հավային դարձավ ամերիկյան թվով յոթերորդ նահանգը, որը ճանաչում է Արցախի անկախությունը: Մինչ այդ, հիշեցնենք, ԼՂՀ անկախությունը ճանաչել էին Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Լուիզիանան, Մեյնը, Կալիֆորնիան եւ Ջորջիան: Վերջինի դեպքում, ի դեպ, դա տեղի ունեցավ բոլորովին վերջերս` մարտի 4-ին, եւ ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ միանգամից երկու նահանգ է ճանաչում Արցախի անկախությունը: Սա, իհարկե, չի կարող պատահական լինել եւ վկայում է հատկապես վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Միացալ Նահանգների առանձնահատուկ ուշադրության, եւ, ինչու ոչ, նման ճանաչումներով նաեւ որոշակի վերաբերմունքի մասին:
Ընդ որում, հատկանշական է, որ Հավայի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը տեղի ունեցավ հենց այս փուլում, երբ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է գտնվում Սերժ Սագսյանը, որի այցն, ի դեպ, բավականին տպավորիչ է ընթանում հատկապես ԱՄՆ-ում հայ գիտական ներուժի առկայության ընդգծման եւ դրա ֆոնին Հայաստանի Հանրապետության պոտենցիալի ներկայացման տեսանկյունից:
Բնակչությամբ ոչ այդքան մեծ ԱՄՆ Հավայի նահանգի օրենսդիրների կողմից հենց երեկ ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձեւի ընդունումը միեւնույն ժամանակ շատ խոսուն ապտակ է Ադրբեջանի նախագահին, որը նույն օրը ժամանեց ԱՄՆ՝ մասնակցելու այսօր մեկնարկող միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
ԼՂՀ անկախությունը ճանաչող նահանգային այս բանաձեւի նշանակությունը չգերագնահատելով հանդերձ` նկատենք, որ այն խիստ որոշակի մեսիջ է` ուղղված Ալիեւի բռնատիրական ռեժիմին եւ միեւնույն ժամանակ խաղաքարտ է՝ հօգուտ հայկական կողմի` այսօր մեկնարկելիք գագաթնաժողովում հնարավոր շփումներից առաջ: