Հարց քաղաքացիներից` կնոջ հղիության ընթացքում ամուսինն առանց կնոջ համաձայնության կարո՞ղ է ամուսնալուծության դիմում ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected]  հասցեին:

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք ամուսինն առանց կնոջ համաձայնության իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել կնոջ հղիության ընթացքում:

Ալբերտ Հարությունյան (39 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե՝ – բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, – ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց, – ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման: Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ պատասխանում բացակայում է քաղաքացու տված կոնկրետ հարցի պատասխանը, նկատենք, որ անկախ օրենսդրական կարգավորումից, նախ եւ առաջ` բարոյական չէ, հղի կնոջը, սեփական երեխայի ապագա մորը չտեղեկացնելով, ամուսնալուծության դիմում ներկայացնելը: Ի վերջո, ինչպես կարելի է նման անպատասխանատու վերաբերմունք դրսեւորել դեռ չծնված փոքրիկի հանդեպ:




Լրահոս