Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Գյուղի շրջակա բարձունքներին ադրբեջանական հենակետեր են, որտեղից պարբերաբար Կոթի գյուղի պաշտպանական դիրքերը գնդակոծվում են: Գյուղը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին 40 զոհ է ունեցել:
Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ մարտի 27-ին Ղազախի շրջանի հենակետերից ադրբեջանական զինուժը գնդակոծել է Կոթիի պաշտպանական դիրքերը եւ գյուղի որոշ թաղամասեր:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ադրբեջանական գնդակոծության պատճառով 2015թ. ամռանը Կոթիի սահմանագոտում առանց հնձելու մնաց 27.5 հեկտար ցորենի արտ: Կոթիի գյուղապետից հետաքրքրվեցինք, թե չհնձված այդ արտերի տերերին պետական բյուջեից փոխհատուցում տրվե՞լ է: Ֆ. Մելիքյանն ասաց, որ այդ արտերի տերերին համամասնորեն դրամական փոխհատուցում տրվել է, յուրաքանչյուրին փոխհատուցվելիք գումարի մոտ 30 տոկոսի չափով, մնացած գումարն էլ հետո կտրվի:
Այսպիսով` ստացվում է, որ տարբեր ոչ կարեւոր ծրագրերի համար պետբյուջեում գումար գտնվում է, սակայն սահմանին ապրող, իրենց կյանքը մշտապես վտանգի ենթարկող կոթեցիներին փոխհատուցելու նպատակով բյուջեի գումարները չեն հերիքում: Հավելենք, որ նախկինում Կոթի համայնքի պատվավոր բնակչի կոչումներ են տրվել Սերժ Սարգսյանին եւ Սեյրան Օհանյանին: Վերջինս նաեւ Կոթի գյուղի փեսա է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ