ՀԱՆՈՒՆ ՏԱՐՈՆԻ` ՉԵՄ ՔՇՈՒՄ
Ավան վարչական շրջանում` Բուսաբանական այգու մոտակայքում, 20 համարի (4563 պետհամարանիշի) ավտոբուսի վարորդը կանգնեցրել է մեքենան եւ հրաժարվել շարունակել երթուղին: «168 ժամ»-ի տեղեկացմամբ` երիտասարդ վարորդն իրեն բավական ջղաձիգ է դրսեւորել ու բոլոր ուղեւորներից պահանջել է իջնել ավտոբուսից, երբ ուղեւորները հայտարարել են, որ չեն պատրաստվում ուղեվարձի համար վճարել 150 դրամ: Ուղեւորների մի մասն իջել է ավտոբուսից ու հեռացել:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԸ
ՀՀ կառավարության այսօրվա նիստը խոստանում է ինտրիգային լինել, քանի որ օրակարգում 21-րդ հարցը նշված է որպես գաղտնի, եւ այն առաջարկել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թե այդ ինչ գաղտնի հարց է, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված այս համընդհանուր լարվածության ֆոնին պատրաստվում են քննարկել կառավարությունում, թերեւս պարզ կդառնա արդեն օրվա վերջին: Չի բացառվում, որ «Տարո՛ն ջան, սիրուն չի»-ն ասելու գործն այս անգամ վերապահվի վարչապետին:
ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ «ԿԵՐԵԼ ԵՆ»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է սոցապ պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի նախկին պետի ու եւս 3 աշխատակիցների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ ծառայության նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը, վճարումների ծառայության պատասխանատուներ Արթուր Աբրահամյանը, Ռուբեն Մնացականյանը եւ տեսուչ Կիմա Փիլոյանը մեղադրվում են թաղման նպաստների եւ ժառանգվող գումարների հափշտակության, ինպես նաեւ կենսաթոշակների նշանակման ու յուրացման մեջ: «ԳԱԼԱ»-ի հաղորդմամբ` երեկ հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ: Նրանք նշել են, որ թաղման նպաստ ստացել են միայն մեկ անգամ, իսկ երկրորդ անգամ գումար չեն ստացել:
ԹՈՂ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՆԵՆ
Հրաչյա Հարությունյանի դեպքի հետ կապված՝ մի խումբ հայազգի ռուսաստանցիներ բաց նամակով դիմել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին` նրան կոչ անելով այլեւս չզբաղվել Ռուսաստանի հայերի գործերով կամ վերանվանել իր ղեկավարած կազմակերպությունը: Այս կապակցությամբ Աբրահամյանն «Ազատությանն» ասել է, որ ինքը բոլոր այդ մարդկանց կոչ է անում խոսելու փոխարեն գործել եւ օգուտ տալ Ռուսաստանում բնակվող 2,5 միլիոն հայերին: