Սթափվելու ժամանակն է. մեր հաջորդ ճակատը պետք է լինի երկրի տնտեսությունը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորի համաշխարհային օրվա գիշերը սկսված ռազմական գործողությունները սպասվածից ավելի լրջացան, ինչը մեզ սթափվելու կարեւոր ազդակ պետք է լինի: Ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ապրիլի 2-ին կայացած անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, «Կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ, այդուհանդերձ, ինչպես ես բազմիցս եմ ասել, մեր խնդիրները մենք պետք է լուծենք»:

Իսկապես, դատելով միջազգային կառույցների սովորական դարձած սին հորդորներից՝ կարելի է վստահ պնդել, որ արտաքին աշխարհն առանձնապես մտահոգված չէ մեր երկրում տիրող իրավիճակով: Արցախում զոհված զինվորների, տարեցների ու երեխաների ցավը մերն է: Ուստի պետք է ինքներս դիմակայենք առկա եւ սպասվող փորձություններին: Իսկ ո՞րն է դրա ճանապարհը: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը եւ Արցախը երկու ռազմաճակատում են կռվում՝ սահմանին եւ տնտեսական ուղղությամբ:
Հայկական բանակը, հուրախություն մեզ, պատվով կատարում է իր առջեւ դրված խնդիրը, մեր սահմաններն ամուր են, երկրորդ թիրախը մեզ համար պետք է լինի տնտեսությունը: Որքան տնտեսապես հզոր լինենք, այնքան կավելանա անկախության մեր չափաբաժինը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում իրապես գործարարությունը խթանող նոր օպերատիվ գործիքներ մշակվեն: Պետք է մանր ու միջին գործարարներին իրապես «շնչելու» ազատ հնարավորություն տրվի, որ ֆինանսական աշխուժություն սկսվի երկրում: Այլեւս ժամանակ չկա քննարկելու, թե ով է ալյուր բերում, պետք է ընդառաջել էժան գին առաջարկողին: Չպետք է քննարկվեն, թե մաքսային ծառայության այս կամ այն «պապկան» ում է պատկանում, ո՞վ կարող է էժան ու ձախ ճանապարհով ապրանք մաքսազերծել, չպետք է տանիք կանգնեն «կարգոներին», այնուհետեւ նեղացնեն վաճառականներին: Այսպես ասած՝ «հարկային համաներում» է մեզ անհրաժեշտ:

Ինչո՞ւ, որովհետեւ Արցախի սահմանին տեղի ունեցող իրավիճակը լրջապես կարող է վախեցնել մեր երկրում տարբեր ծրագրերով ներդրումներ իրականացնողներին կամ նման պլաններ ունեցողներին: Ինչը նշանակում է որ «դրսի փողերի» վրա հույս դնելը սխալ է: Մենք պետք է կենտրոնացնենք մեր ռեսուրսներն ու ռեալ շեշտադրում անենք արտադրության եւ արտահանման ծավալների մեծացման վրա:
Ի դեպ, նույն իրավիճակն է նաեւ Ադրբեջանում: Նրանք եւս տնտեսապես կայուն վիճակում չեն, քանի որ նավթի համաշխարհային գները կտրուկ անկում են ապրել, Ադրբեջանի շատ ձեռնարկություններում նույնիսկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում:
Այնպես որ, մեզ մնում է՝ սթափվենք:




Լրահոս