Ինչ է թաքնված կրակի դադարեցման հայտարարարության տակ. Ալիևի նենգ մտադրությունները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կեսօրին հայտնի դարձավ, որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք է բերվել համաձայնություն կրակի դադարեցման մասին: Չնայած, որ մի քանի ժամ անց ադրբեջանական կողմը վերսկսեց կրակոցները, այդուհանդերձ թեժ մարտական գործողությունները երեկ ժամը 12.00 -ից հետո դադարեցին: Դեռեւս ապրիլի 3-ին ռազմական փորձագետները կարծիք հատնեցին, թե դատելով մարտադաշտում կիրառվող զինուժի քանակից եւ որակից` Ադրբեջանը մտադիր չէ գնալ լայնածավալ գործողությունների. ըստ ամենայնի, Ալիեւի մաքսիմալ պլանը շփման գծի փոփոխությունն էր` հօգուտ Բաքվի:

Դա հնարավորություն կտար Իլհամին նախ՝ լուծել ներքին մի շարք խնդիրներ, ապա` միջազգային քաղաքական կենտրոններին շանտաժի ենթարկելով` հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրավմանը: Իր այս պլանում Ադրբեջանը, ինչպես տեսանք, ձախողեց. համենայն դեպս, մարտերի առաջին օրը գրավված դիրքերը հայկական զինուժը հետ վերադարձրեց:

Սակայն միայն մարտի դաշտում ձախողումը դժվար թե զսպեր Ադրբեջանին, ընդհակառակը, սեփական ժողովրդին տարիներ շարունակ պատերազմական հռետորաբանությամբ սնած Ալիեւը չէր կարող համակերպվել այս արկածախնդրությունը առանց գոնե մինիմալ հաղթանակի ավարտելու տարբերակին: Առավել եւս, որ դեռ ապրիլի 3-ին նա շտապել էր հայտարարել Ադրբեջանի տարած «պատերազմական հաղթանակի» մասին:

Ուստի հիմա հրադադարի հաստատմանը Ալիեւին կարող էր մղել ա. հայկական զինուժի ասիմետիկ հակահարվածը, բ. քաղաքական կենտրոններից առնվազն մեկի հզոր ճնշումը: Իհարկե, մեր զինուժը հետ է շպրտել ազերիներին, բայց նման ասիմետրիկ, ջախջախիչ հարված դեռ չկա, ինչը նշանակում է, որ առաջին գործոնին գումարվել է նաեւ երկրորդը:

Իսկ որ գերտերությունը կարող էր նման արագությամբ զսպել Ադրբեջանին. որքան էլ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի գործադրած ջանքերը մեծ էին, սակայն այս հարցում առաջնային դերակատարություն կարող էին ունենալ Ռուսաստանը եւ Իրանը:
Մասնավորապես ՌԴ-ի հետ կապված երեկ հղվեցին երկու ուշագրավ ուղերձներ. նախ` Ադրբեջանի սահմանին` Դաղստանում, տագնապի ազդանշանով ոտքի հանվեցին ռուսական ստորաբաժանումները անսպասելի զորավարժության:

Ապա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես եկավ հայտարարությամբ` վերստին հասցեականորեն դիմելով Ադրբեջանին եւ զգուշացնելով, որ ԼՂ հակամարտության հետագա սրացումը հղի է ողջ Կովկասում անկանխատեսելի զարգացումներով: Եթե դրան էլ գումարում ենք երեկ ռուսական կողմից հնչած հայտարարությունները` Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու եւ անհրաժեշտության դեպքում ԼՂ անկախությունը ճանաչելու մասին, ապա Վիեննայում ԵԱՀ Մինսկի խմբի կողմից եռանախագահների ֆորմատին աջակցության վերահաստատումը, կարծեք թե, տեսանելի է դառնում, որ Ադրբեջանն այլ ելք չունի, քան հրադադարի գնալը: Թեեւ ինչպես Շոպենհաուերն էր ասում` երբեք պետք չէ թերագնահատել հիմարության կանխատեսելիությունը: Ալիեւն, իհարկե, հիմար է, բայց հուսանք` ոչ այդ աստիճան:




Լրահոս