Ոստիկանները վնասազերծեցին փոխակերպուկ ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 5-ին, ժամը 4-ն անց 20-ին ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան ստացվեց. Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից էր:  Ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը՝ Գյումրու պահպանության բաժնի դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, արագ տեղ հասավ, այնքա՛ն արագ, որ հանցամիտները նույնիսկ չէին հասցրել մտնել սրահ: 
Ոստիկանները վնասազերծեցին նրանց ու բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ պարզվեց, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը /համակարգում է 1998 թվականից/:
Ցավալի դեպք է, բայց ոստիկանությունը նաև այսպե՛ս է ինքնամաքրվում՝ ցավո՛վ, վիրահատական միջամտությա՛մբ, հիվանդը առողջից զատելու հաստատակամությա՛մբ, քանզի անթույլատրելի է, որ իր պարտականությունները անձնվեր ու արժանապատվորեն կատարող ոստիկանի հետ նույն համազգեստը կրի անարժանը, անպատիվը, դավաճանը: Անթույլատրելի է, որ <ոստիկան> անունը կրեն և՛ պահպանության դասակի այս հրաշալի տղաները, և՛ այս երկուսը, որոնք ոտնձգել են նրա դեմ, ինչի պաշտպանությանը կոչված էին: Սա ոստիկանության սկզբունքն է՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, իսկ իր պարտքն ու պատասխանատվությունը չգիտակցող ոստիկանը տեղ չունի համակարգում:
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: 
Իսկ ոստիկանության ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ոստիկանության   ծառայողներ՝ վաշտի հրամանատար Արփենիկ Թադևոսյանը /համակարգում է 1999 թվականից/, դասակի հրամանատար Կարեն Ավետիսյանը /համակարգում է 1994 թվականից/ և վաշտի ավագ Համլետ Խուրշուդյանը /համակարգում է 1998 թվականից/, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, հանցավորներին վնասազերծելիս օպերատիվություն ու վճռականություն ցուցաբերելու համար ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացել են պարգևների:




Լրահոս