Ռազմական գործողությունները Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը չեն նախաձեռնել. բուլղարացի գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի սահմանին առկա լարված իրավիճակի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է Եվրախորհրդարանի բյուրոյի, արտաքին գործերի հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, ինչպես նաեւ ԱՄՆ հետ համագործակցության պատվիրակության անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչևի հետ:

-Պրն. Կովաչեւ, ի՞նչ տեղեկություններ ունեք Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

-Ես շատ տխրեցի, երբ իմացա շփման գծում կոնֆլիկտի սրացման մասին: Նախ եւ առաջ այն, իրոք, շատ մտահոգիչ է ոչ միայն ինձ համար, այլեւ իմ գործընկերների: Մեր կուսակցությունը օրերս խորհրդարանում քննարկում է ունեցել այս ստեղծված ճգնաժամի վերաբերյալ, մշակել եւ ընդունել ենք մի բանաձեւ, որի հիմնական նպատակը հարցին խաղաղ ճանապարհով լուծում տալն է: Սա, միանշանակ, ռազմական գործողությունների անընդունելի սրացում է, այն դեմ է միջազգային հանձնառությանը, որն իրենից ենթադրում է կոնֆլիկտների քաղաքական լուծում բացառապես խաղաղության հաստատմանը միտված հիմքերով, հատկապես, երբ ռազմական գործողությունների զոհերը անմեղ բնակիչներ են, երեխաներ: Սա, իրոք, անընդունելի է:

-Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, ո՞ր կողմը սկսեց սրել իրավիճակը՝ հրահրելով պատերազմական գործողություններ:

-Ես չեմ ուզում հիմա կոնկրետ որեւէ կողմ նշել. ինձ համար ակնհայտ է մի բան, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հետաքրքրված չեն իրավիճակի սրացման հարցում: Մենք չենք ուզում մեղադրել որեւէ մի կողմի: Բայց իմ անձնական կարծիքն է, որ ռազմական գործողությունները Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը չեն նախաձեռնել: Ես չգիտեմ՝ դա արդյոք Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է, վերջին տարիներին անընդմեջ լսում ենք շփման գծում նման դեպքերի մասին, սակայն այս մեկը, իրոք, լուրջ է, կան շատ զոհեր:

-Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ այս դեպքում ԵԱՀԿ Մինսկի գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք:

-Ես ամեն դեպքում իմ գործընկերներին ասել եմ, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ ռազմական գործողությունները անմիջապես դադարեցնելու ուղղությամբ, եւ զորքերը իրենց նախնական՝ մինչեւ ապրիլի 1-ը եղած դիրքերին վերադարձնելու ուղղությամբ: Ես, միանշանակ, խրախուսում եմ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների բանակցություններ վարելու գաղափարը: Բոլորը գիտեն, որ այժմ շատ տեղերում են նման դժվար իրավիճակներ ստեղծվել, եւ սա կարծես նոր բացված ճակատ է, որտեղ պետք է հասկանանք, թե ում է շահավետ տարածաշրջանի ապակայունացումը, եւս մեկ սառեցված կոնֆլիկտ իրական կոնֆլիկտի վերածելը: Սա, իրոք, շատ վտանգավոր իրավիճակ է, եւ Մինսկի խմբի համանախագահները, կարծում եմ, պետք է կոչ անեն ոչ միայն Ադրբեջանին եւ Հայաստանին, այլեւ պրն. Պուտինին եւ Էրդողանին, ջանան թույլ չտալ երկրորդ նման դեպք:

-Պրն. Կովաչեւ, այս իրավիճակին ինչպիսի՞ ավարտ եք տեսնում:

-Շատ դժվար հարց է, քանի որ մի կողմում քաղաքական պնդում անելն է այս երկարատեւ կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծման ելքով, մյուսում՝ գործնական արդյունավետությունը: Մենք գիտենք, որ արդեն երկար տարիներ է՝ Ադրբեջանը զենք է գնում եւ հզորացնում ադրբեջանական բանակի ռազմական կարողությունները, սակայն գիտենք նաեւ, որ, ցավոք, Ռուսաստանը զենք վաճառում է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Հայաստանին, այսինքն՝ Ռուսաստանի ռազմատեխնիկան երկու կողմերում է: Պուտինը եւ Էրդողանն էլ հակամարտում են մեկ այլ տարածքում՝ Սիրիայում, հասունանում է այժմ մեկ այլ պատերազմ: Կարծում ենք, որ այս պարագայում Մինսկի խմբի կոչերը պետք է միանշանակ ուղղված լինեն այս երկու անձնավորությանը: Հուսամ՝ շատ շուտով խաղաղություն կհաստատվի, կավարտվեն ռազմական գործողությունները, սակայն դա իմ անձնական ցանկությունն է, ես չգիտեմ, թե իրականում ինչ մտադրություն ունեն Բաքուն եւ պրն. Ալիեւը Թուրքիայի հետ, չգիտեմ՝ ինչ կա նրանց մտքում: Անկեղծորեն ցանկանում եմ, որ ավարտվի, սակայն ոչ մի երաշխիք տալ չենք կարող: Մեր՝ Եվրախորհրդարանի անդամների կողմից կարող եմ ասել, որ մեզ համար կարեւոր է, որ նախ եւ առաջ զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքեր. այնտեղ, որտեղ եղել են նախքան ռազմական գործողությունների սկիզբը՝ ապրիլի 1-ը:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը




Լրահոս