Հավի բուդն ու ոչխարի միսը թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 2 տոկոս գնանկում: Նշենք, որ պարենային ապրանքների շուկայում (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) արձանագրվել է 5.1 տոկոս գնանկում, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում` 1.5 տոկոս գնանկում: Սրան զուգընթաց թանկացել են ծառայությունների սակագները՝ 2.9 տոկոս գնաճ:

Բացի այս, ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5 տոկոս գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի, ձվի, ձկնամթերքի, մրգի 1.7-0.5 տոկոս գնանկումը: Օրինակ՝ այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում արձանագրվել է 1, իսկ այս տարվա փետրվարի համեմատ` 1.7 տոկոս գնանկում: Սա պայմանավորվել է կանաչ սոխի, կաղամբի, խառը կանաչեղենի, գլուխ սոխի, կարտոֆիլի գնանկումով: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, էժանացել են նաեւ գազարը, սմբուկը:

Սակայն նույն ժամանակահատվածում թանկացել են բողկը, սխտորը, սունկը, ճակնդեղը, լոլիկը, վարունգը, կանաչ պղպեղը: Այս տարվա մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում նվազել է ձվի գինը՝ 13.9 տոկոսով, այս տարվա մարտին փետրվարի համեմատ՝ 1.2 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում ձկնամթերքի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել՝ 9 տոկոս: Սա հիմնականում պայմանավորվել է «Ստերլետ» ձկնատեսակի 1.7 տոկոս գնանկումով: Մսամթերքի շուկայում նույնպես գնանկում է արձանագրվել՝ 5.7 տոկոս: Այդ թվում էժանացել են նաեւ խոզի միսը, ապխտած երշիկը, տավարի միսը: Սակայն թանկացել է հավի բուդը՝ 0.5, եփած երշիկը՝ 0.6, նրբերշիկը՝ 0.6, ոչխարի միսը՝ 0.9, թռչնամիսը՝ 1.1 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս