Մայիսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում էր՝ մի քանի օրից հեղուկ գազի շուկայում իրավիճակը կկայունանա, մատակարարումները կվերականգնվեն, և գները կնվազեն։
Սակայն մայիսի 5-ի դրությամբ իրականությունը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում հեղուկ գազի մեկ լիտրի գինը շարունակում է պահպանվել շուրջ 280 դրամի սահմանում, մինչդեռ խոստացված «էական նվազումը» այդպես էլ տեսանելի չէ։ Շուկան շարունակում է ապրել նույն լարվածությամբ, իսկ սպառողը՝ նույն բարձր գնով։
Նախարարի պարզաբանմամբ՝ խնդիրը կապված էր Վերին Լարսի անցակետ առաջացած խոչընդոտների հետ։ Ըստ նրա՝ ռուսական կողմում կուտակված գազատար մեքենաները վատ եղանակի պատճառով չէին կարողանում անցնել, սակայն ճանապարհի բացումից հետո բեռնատարները սկսել էին շարժվել դեպի Հայաստան։ Այդ ֆոնին հնչեցրել էր հստակ կանխատեսում՝ ուրբաթ կամ շաբաթ գազի քանակը բավարար կլինի, և գները կիջնեն։
Բայց անցել են օրեր, իսկ շուկայում ոչինչ չի փոխվել։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսնակ Լիլիթ Շաբոյանը փաստացի արձանագրել է այն, ինչ սպառողներն արդեն զգում են իրենց գրպանի վրա՝ պետությունը գնի ձևավորման վրա ազդեցություն չունի։
«Մենք որևէ միջամտելու իրավասություն չունենք, քանի որ շուկայական հարաբերություններն են ձևավորում գինը»,- նշել է նա։
Այս հայտարարությունը, սակայն, նոր հարցեր է առաջ բերում։ Եթե պետությունը նախապես հայտարարում է գների նվազման մասին, ապա ինչի՞ վրա էր հիմնված այդ վստահությունը։ Եթե շուկան ինքնուրույն է կարգավորում գինը, ապա ինչո՞ւ էր հանրությանը փոխանցվում շուտափույթ էժանացման ակնկալիք։
Պաշտոնական պարզաբանմամբ՝ հեղուկ գազի դեֆիցիտի պատճառը երկու ուղղությամբ է՝ Իրանից ներմուծման դադարեցում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով, և Վերին Լարսի անցակետ ժամանակավոր փակումը։ Սակայն հիմա, երբ Լարսը բաց է, բեռնատարների շարժը վերականգնված է, իսկ ռուսական կողմի հետ, նախարարության հավաստմամբ, աշխատանքային հարաբերությունները կայուն են, շուկայում սպասված թեթևացումը դեռ չկա։
Փաստը մնում է փաստ․ իշխանությունը խոսեց գների անկման մասին, բայց սպառողը շարունակում է վճարել նույն 280 դրամը։
Այս պատմության մեջ ամենասուր հարցը մնում է անպատասխան՝ եթե խնդիրը լուծված է, ապա ինչո՞ւ հեղուկ գազը Հայաստանում դեռ շարունակում է մնալ թանկ։
Սոնա Գրիգորյան





























