ԵՊՀ-ի 200 ուսանող կանցնի հրազենային վնասվածքների բժշկական պատրաստվածություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-18-ը Երևանի պետական համալսարանի շուրջ 200 ուսանող կանցնի տարատեսակ աղետների՝ ներառյալ հրազենային և ականի պայթյունի դեպքում վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց:

Այն կազմակերպվում է ՀՀ ԱԻ նախարարության և ԵՊՀ-ի միջև գործող եռամյա համագործակցության շրջանակներում՝ համաձայն որի, ամռան ամիսներին ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում պետհամալսարանի 40-60 ուսանողի համար: Կազմակերպված համաբանակումի շրջանակներում ուսանողները 15-30 օրով մեկնում են Արցախ և ստանում տեսական ու գործնական գիտելիքներ:

Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանը նշեց, որ դասընթացների ժամանակացույցի փոփոխությունը պայմանավորված է վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ:

– Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ բնակչության, մասնավորապես` երիտասարդների շրջանում, ցանկություն է առաջացել անցնելու առաջին բուժօգնության՝ հիմնականում հրազենային և ականի պայթյունների վնասվածքների բուժօգնության դասընթացներ: Նախկինում անցկացրել ենք աղետների բժշկության դասընթացներ՝ կոտրվածքների, արնահոսությունների, սիրտ-թոքային անբավարարվածության, իսկ այժմ նշված թեմաներին ավելացրել ենք նաև հրազենային և ականի պայթյունի հետևանքով առաջացող վնասվածքների բուժօգնությունը: Առաջին դասերը ցույց տվեցին, որ հետաքրքրությունը բավական մեծ է, և հնարավոր է՝ ըստ պահանջի, հետագայում երկարացնենք դասընթացների տևողությունը,- տեղեկացրեց Կ. Աթոյանը:

Հաշվի առնելով մեծ թվով կամավորների առկայությունը (շուրջ 200 ուսանող)՝ Աղետների բժշկության կենտրոնի կողմից որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում կամավորներից վերապատրաստել 20 հրահանգիչ, որոնք հետագայում դասընթացներ կանցկացնեն մյուս 180 ուսանողների հետ: Կենտրոնի մասնագետների խորհրդով` առաջին 20 վերապատրաստվող ուսանողներն ընտրվել են հիմնականում կենսաբանական ու քիմիական ֆակուլտետներից՝ հաշվի առնելով վերոնշյալ մասնագիտությունների առնչությունը բժշկության հետ: Ուսանողները կստանան թե գործնական, թե տեսական գիտելիքներ:

– Բացի լսարանային դասընթացներից, հետագայում նախատեսվում է նաև դաշտային պարապմունքներ, որոնք կանցկացվեն Լուսակերտի ուսումնական կենտրոնի հրաձգարանում,- հավելեց Կ. Աթոյանը:

Դասընթացները կվարի Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանը: Նա որակավորվել է նաև INSARAG-ի (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) հայկական թիմում և հանդիսանում է միջազգային որոնողափրկարարական թիմի բժիշկ-կոորդինատորը: Աղետների բժշկության կենտրոնը դասընթացների ավարտից հետո նախատեսել է տեսակավորում, գիտելիքների ստուգում, որից հետո վերապատրաստված ուսանողներին կտրվեն համապատասխան վկայագրեր:

ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնն ավանդույթ է դարձրել տարբեր հաստատություններում նմանատիպ դասընթացների կազմակերպումը: Կենտրոնի մասնագետների՝ մասնավորապես փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանի և փ/ծ մայոր Հ. Նավասարդյանի կողմից նախորդ տարի առաջին բուժօգնության դասընթացներ են կազմակերպվել հայ-շվեյցարականադական օրգանական քիմիայի անալիտիկ լաբորատորիայում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնամարզական կենտրոնում, ՀՀ Տավուշի սահմանամերձ համայնքների 18 դպրոցներում, Լոռիի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում և այլ վայրերում:




Լրահոս