Հայաստանում հետզհետե արմատավորվող հակառուսական տրամադրություններն այլևս դուրս են որևէ հրահանգի կամ հակահրահանգի շրջանակներից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն. Ազատության հրապարակից մինչեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն տեղի ունեցավ բողոքի հզոր, բազմամարդ երթ, որի մասնակիցները ոչ միայն հանդես եկան ՌԴ-ի հասցեին ուղղված կոշտ քննադատությամբ, այլեւ անգամ ձվեր նետեցին Հայաստանում ՌԴ դեսպանատան ուղղությամբ: Իսկ աննախադեպն այն էր, որ երեկվա երթի ընթացքում հայ ոստիկաններն առանձնապես չէին փորձում իրենց կրծքով պաշտպանել Ռուսաստանի դրոշը կամ բռնանալով ակցիայի մասնակիցների նկատմամբ` խոչընդոտել երթի ընթացքը: Մի բան, որը գրեթե միշտ եղել է ՌԴ դեսպանատան առաջ կազմակերպված անգամ ամենասակավամարդ ակցիաների ընթացքում: Եթե ընդդեմ Ռուսաստանի քաղաքական ակցիաների` անցած 25 տարիների պատմությունը դիտարկենք (Երմյակովի հետ կապված Գյումրիի ակցիաները չհաշված. դրանք քաղաքական չէին), ապա պետք է արձանագրենք, որ վերջին անգամ, երբ Հայաստանում հակառուսական բողոքի հայտարարություններ հնչեցին` 2013թ. դեկտեմբերի 2-ին, դրանց հեղինակներն անմիջապես բերման ենթարկվեցին ոստիկանություն, իսկ անձամբ Վ. Պուտինին քննադատած Շանթ Հարությունյանը, առհասարակ, հայտնվեց ճաղերի հետեւում` դատապարտվելով 6 տարվա ազատազրկման:

Բնականաբար, ոստիկանների երեկվա գերհանդուրժող կեցվածքը ուներ շատ կոնկրետ պատճառ` քաղաքական հրահանգի տեսքով: Սակայն, ամեն դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանի որակած «ջղաձգվողները» երեկ ցույց տվեցին, որ հատկապես ապրիլի 1-ից հետո Հայաստանում ջղաձգված են բոլորը, բացի, թերեւս, օրվա իշխանություններից եւ նրանց հետ վերստին համագործակցելու պատրաստակամություն հայտնած «անջղաձիգ» ընդդիմությունից` ՀԱԿ-ի առաջնորդի ղեկավարությամբ: Սակայն արդյոք երեկվա բողոքի ակցիան կարող է ՌԴ իշխանություններին համակել Հայաստանի ներսում հակառուսական տրամադրությունների խորացման` նվազագույն իսկ մտահոգությամբ, եթե ՀՀ գործող իշխանությունն ու նոմինալ ընդդիմությունը շարունակում են մնալ ռուսական սապոգի ինքնամոռաց նվիրյալները, եթե նույն օրը Մոսկվա «կանչված» Հովիկ Աբրահամյանը ժպիտներ է փոխանակում իր պաշտոնակցի հետ, ով օրեր առաջ Երեւանից Բաքու շտապեց` հայ զինվորներին սպանած եւ խոշտանգած Ալիեւին փոխանցելու «Պուտինի ջերմագին ողջույնները»:

Հավանաբար Մոսկվայում կմտածեն, որ երեկվա բողոքի ակցիան իշխանական հրահանգով կազմակերպված դրսեւորում էր, եւ նաեւ սրա վրա կփորձեն խաղալ ՀՀ իշխանությունները: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ երեկվա ակցիային սրտով ու մտքով մասնակցում էր ՀՀ բնակչության գերակշիռ մասը, եւ Հայաստանում հետզհետե արմատավորվող հակառուսական տրամադրությունները այլեւս դուրս են որեւէ հրահանգի կամ հակահրահանգի շրջանակներից: Սա շատ լուրջ խնդիր է, որով պիտի մտահոգվեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունները, առաջինները` վերանայելու համար իրենց քաղաքականությունը դաշնակից պետության հետ, իսկ ՀՀ իշխանությունները` վերանայելու դաշնակիցներին:




Լրահոս