ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ից մինչեւ 5-ը ծավալված լայնամասշաբ ռազմական գործողությունները, կարելի է ասել, այսօր արդեն գտնվում են «թայմ աութի» վիճակում. կրակոցները գրեթե դադարել են: Գործընթացը մտել է դիվանագիտական, բանակցային փուլ, որը բավականին ծանր է: Ընդ որում, երկու կողմի համար էլ:

Դժվար բանակցություններ
Հիմա ե՛ւ Հայաստանում, հետեւելով ադրբեջանական կայքերի մտահոգություններին՝ ե՛ւ Ադրբեջանում մեկ հարց է թեւածում. ի՞նչ է լինելու առաջիկայում:
Նկատենք, որ Ադրբեջանի համար ծանր վիճակ է, քանի որ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին տարիներ շարունակ կերակրել է խոստումներով առ այն, որ իրենք ունեն հզոր բանակ, գերժամանակակից սպառազինություն եւ երբ, որ ժամին ցանկանան, Արցախը րոպեներ անց կարող են գրավել: Սակայն ադրբեջանական հասարակության ներսում առկա դժգոհության չափաբաժինը նվազելու փոխարեն ավելացավ, քանի որ կյանքը ցույց տվեց, որ երկրի ողջ ֆինանսական ներուժը ռազմական բյուջե ուղղելուց հետո 5 օր պատերազմական գործողություններ սանձազերծեցին, բայց կարողացան մի քանի հարյուր մետր «առաջ գալ»՝ գրավելով ընդամենը 8 դիրք: Եւ այսքանից հետո ինչպե՞ս պետք է բանակցեն, ի՞նչ ներուժով, դժվար է ասել:
Ցավոք, հեշտ չէ նաեւ Հայաստանի համար: Սերժ Սարգսյանը եւս ստիպված է ծանր բանակցություններ վարել Արցախի համար: Եւ տպավորություն է, որ նա անձամբ այս պահին չգիտի ինչպես վարվել, որ տարբերակով առաջնորդվել, դրա համար բանակցում է ամենատարբեր շրջանակների հետ: Ակնհայտ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ արտգործնախարար Սերգեյ Լավորովի, պարզապես դիվանագիտական ապտակ հասցրին մեզ: Նախ Ադրբեջանում հայտարարվեց, որ կշարունակվի զենք-զինամթերքի մատակարարումը, չնայած որ հայ զինվորները ռուսական զենքի կիրառումից են սպանվում, ապա նաեւ կառավարության պաշտոնական կայքում Սերժ Սարգսյանի խոսքերը խմբագրվեցին, վերաշարադրվեցին, իսկ Ալիեւի խոսքերը ամբողջությամբ ներկայացվեցին, թե ինչ ջարդ են կազմակերպել հայերը:

ՌԴ-ում մեր թուլացած դիրքերը
Բացի այդ, ՌԴ-ից սկսեցին գրեթե պաշտոնական խողովակներով «երեսով տալ» մեզ երբեւէ արված զիջումների ու վարկերի թեմայով՝ ակնարկելով, որ հայերը կարող են ցանկացած ժամանակ զենք գնելու հայտ ներկայացնել: Ասել է, թե բերեք ձեր անձնական փողերը եւ զենք գնեք առանց նվնվոցի: Մյուս կողմից էլ ադրբեջանական էֆեկտիվ դիվանագիտական քայլերի շնորհիվ Ղազախստանն ու Բելոռուսը հանդես եկան ադրբեջանամետ դիրքերից: Ավելին՝ Ղազախստանը առաջարկեց ԵՏՄ վարչապետների հանդիպումը Երեւանի փոխարեն այսօր Մոսկվայում անցկացնել: Ու թեեւ Ռուսաստանը կարող էր ազդել իրավիճակի վրա եւ պնդել գագաթնաժողովի՝ Երեւանում կայանալու տարբերակը, սակայն չարեց: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ստիպված եղավ հայտարարել, որ իր Մոսկվա կատարելիք այցի նպատակահարմարության հարցը դեռ կորոշի: Հավելենք, որ գագաթնաժողովը կկայանա ապրիլի 13-ին, ու մինչ երեկ գիշեր պարզ չէր` վարչապետը կմեկնի՞ Մոսկվա, թե՞ ոչ:
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ում ՀՀ-ի դիրքերը այնքան էլ ուժեղ չեն: Անգամ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի զբաղեցրած ԵՏՄ վարչապետի պաշտոնը չի օգնում իրավիճակը շտկել, քանի որ առնվազն վերը նշված երկու երկրները ցանկանում են ԵՏՄ-ում Հայաստանին Ադրբեջանով փոխարինել, իսկ ՌԴ-ն դեռ ձեռնպահ է ձեւանում:

Ներքին ռեսուրսների հույսին
Այսպիսով՝ ՀՀ գործող իշխանության հույսն էլի ներքին ռեսուրսներն են, ներքին կոնսոլիդացիան եւ սփյուռքի աջակցությունը: Բացի ՌԴ-ից՝ այս օրերին մեր համար կարեւորություն ունեցող գրեթե բոլոր երկրներում ու քաղաքներում բողոքի լայնամասշտաբ ակցիաներ կազմակերպվեցին Արցախի ամբողջականության պահպանման պահանջով: Մոսկվայի հայերն ու հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դեռ լռում են: Վերջինս, ինչպես հայտնի է, հիմնականում ակտիվանում է բացառապես իր անձնական շահերի թելադրանքով:
Ինչեւէ, դառնալով ներքին կոնսոլիդացիայի կարեորությանը՝ նշենք, որ իսկապես ընդդիմադիր բոլոր ուժերը մեկ մարդու պես սառեցրել են իրենց պահանջները գործող իշխանությունից՝ այդպիսով աջակցելով Սերժ Սարգսյանին, որպեսզի նա բանակցություններին մասնակցի առավել «պինդ մեջքով»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ հենց այդ համատեքստում պետք է դիտարկել: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ «Իլուր»-ին տված հարցազրույցում գաղտնազերծեց հանդիպման կայացման մանրամասները՝ այդպես էլ հստակ չասելով, թե ինչ են խոսել: Ըստ առաջին նախագահի՝ ինքն է Սերժ Սարգսյանին գրել. «Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը»:
Առաջին նախագահի երկրորդ շեշտադրումն այն էր, որ այսօր քննարկվելիք փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են: «Մադրիդյան սկզբունքները որդեգրել է Ռոբերտ Քոչարյանը, եւ նրան այդ հարցում անվերապահորեն սատարել են նրա վարչախմբի մաս կազմող կուսակցությունները։ Քոչարյանն է Ղարաբաղին զրկել հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Ի դեպ, նա է ընդառաջել նաեւ Ցեղասպանության փաստի ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկին։ Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, այս ամենը ժառանգել է Քոչարյանից, եւ նրա պատասխանատվության չափը թվարկված հարցերում ավելին չէ, քան վերջինիս վարչախմբի մասը հանդիսացած մյուս դերակատարներինը»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Քոչարյանն իրենց դուրս դրեց
Ավելի ուշ խոսեց նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, որ չի պլանավորում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ անել: Ըստ Քոչարյանի՝ «Հիմա շատ ավելի կարեւոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական եւ մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»: Ուրախալի է, որ հայ հասարակությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել՝ ագրեսիային հակադարձելու համար։ Նաեւ ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը եւ արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,- tert.am-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահը՝ ըստ էության հասկացնելով, որ պետք է զենք-զինամթերք գնել խոսելու փոխարեն:
Նկատենք, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը կարող է նաեւ ներքաղաքական որոշ նրբերանգներ պարունակել: Այս տանդեմը Քոչարյանին ներքաղաքական կյանքից, ըստ էության, մեկուսացնելու հստակ հայտ ներկայացրեց:

Ծանր որոշում
Բայց, ինչպես ասում են, երկրի համար դժվարին օրերին ներքաղաքական հարցերը պետք է մի կողմ թողնել: Հիմա յուրօրինակ քաղաքական գործընթացներ են ծավալվում, որի արդյունքում պետք է ճիշտ որոշում կայացվի: Կա՛մ ընդունում ենք խաղի կանոնները ու մեզ պարտադրված հրադադարի պայմանները, կա՛մ ինքներս ռացիոնալ կերպով հաշվարկում ենք մեր հնարավորությունները, նոր դիրքեր ենք նվաճում եւ պայման թելադրում: Տեսնենք՝ որ ուղին կընտրի Սերժ Սարգսյանը:
Նկատենք, որ նա ամեն կերպ ցանկանում է խուսափել միանձնյա որոշման կայացումից, հետեւաբար նաեւ ամբողջական պատասխանատվության ստանձնումից:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՀՔԾ-Ն ԱՆՑԵԼ Է ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ
Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի ծեծի գործով քննությունը նոր ընթացք է ստանում: Հիշեցնենք, որ մարտի 8-ին երեք երիտասարդներ, որոնց մեջ էր եղել նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը` Արթուր Գեւորգյանը, որոշել էին կանանց տոնը նշել «Դիանա» ռեստորանում, սակայն նրանց թույլ չէին տվել ներս մտնել: Ավելի ուշ ռեստորան էր եկել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը, որը երիտասարդների հետ վիճել էր ու ծեծի ենթարկել իր տեղակալի եղբորը: Ներկայումս քրգործը քննվում է ՀՔԾ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ի ցուցումով խուզարկություն է իրականացվել Արթուր Գեւորգյանի տանը, որտեղ, ըստ էության, իրավապահները ինչ-որ բան են փնտրել: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ որեւէ տարօրինակ իր չի հայտնաբերվել:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՆՑՅԱԼԻՆ ՉԻ ԼԻՆԻ
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ղարաբաղա- ադրբեջանական սահմանում քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված վիճակին, ասել է, որ այսօր բանակցությունների սեղանին շարունակում է դրված մնալ, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: «Ժողովուրդ»-ը Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներն արդյոք ԼՂՀ-ի համար ընդունելի են: «Գիտեք, տարբեր տիպի մոտեցումներ են քննարկվել, եւ դեռես շատ ու շատ մոտեցումներ եւ տարբերակներ քննարկվելու են: Մենք պետք է սառնասրտորեն մոտենանք այդ ամենին, դրանք ընդամենը որոշ առաջարկներ են, դա չի կարող դիտարկվել վերջնական կարգավորման տարբերակ, առավելեւս, որ բանակցային գործընթացը ընթանում է ոչ լիարժեք ձեւաչափով: Արցախյան պետությունը չի մասնակցում որպես լիարժեք կողմ բանակցային գործընթացին, դա ակնհայտ է: Բացի դրանից՝ Ադրբեջանը իր քաղաքականությամբ վնաս հասցրեց բանակցային գործընթացին եւ երեւի թե հետ գցեց բանակցային գործընթացը եւ վերջնական կարգավորումը: Դրա համար ինչ մոտեցումներ էլ քննարկվեն, նախեւառաջ պետք է նշենք, որ առանց Արցախի մասնակցության բոլոր փուլերին անհնարին է անցնել բանակցային այս համապարփակ կարգավորմանը, երկրորդը, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, կլինի դա տարածքների թե կարգավիճակի առումով, սա հստակ է»,- պատասխանեց Բաբայանը:

 

 

ԱՆՓՈՂ ՈՒՐ Է ԿՈՐԵԼ
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը վերջին տասն օրերին հայ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ Հայաստանի համար այս օրհասական պահին նա անհետացել էր: Նալբանդյանի պաշտոնական հայտարարագիրն ուսումնասիրելով՝ կարելի է ասել, որ նա այդքան էլ շատ գումար չունի, որպեսզի ասենք՝ «փողերը վերցրել, հայդե Փարիզ է փախել»: Նալբանդյանը հայտարարագրել է ընդամենը 9 մլն 620 հազար դրամ եւ 63 հազար 300 եվրո դրամական միջոց: Նախարարի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 592 հազար դրամ:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին ողջունել են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը եւ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել իրավիճակը տարածաշրջանում կարգավորելու համար: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

 

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Կողմերին կոչ ենք անում պահպանել մարտական բախումների անհապաղ դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ այդ պայմանավորվածության խախտումներ, եւ, անշուշտ, շահագրգռված ենք, որպեսզի քաղաքական ուղու վրա դիտարկվեն դրական տեղաշարժեր այդ անչափ բարդ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ», – երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:




Լրահոս