ՍԿՍՎԵԼ Է «ԿՈՏՈՐԱԾՆ ՕԼԻԳԱՐԽԱՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ Հայաստանին փող տվող միջազգային ֆինանսական կառույցները վերջին շրջանում սկսել են լրջորեն բարձրացնել   օլիգոպոլիաների գոնե սահմանափակման հարցը: Պարզվում է` Հայաստանից նման պահանջներ ունի նաեւ ԵԽԽՎ-ն: Այն է` վերջապես ապահովել Սահմանադրության հայտնի հոդվածի պահանջը, ըստ որի պատգամավորն իրավունք չունի   չզբաղվել  ձեռնարկատիրական գործունեությամբ: Այս առաքելությունը մեր տեղեկություններով դրված է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի վրա, որը մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները պետք է մշակի եւ ներդնի  «Էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքը: Դավիթ Հարությունյանը  երեկ  հաստատեց, որ աշխատում է այդ  օրինագծի վրա` ասելով, որ հանձնաժողովի գործունեությունը վերաբերելու է արդեն հաջորդ գումարման խորհրդարանին, որպեսզի «հընթացս խաղի կանոններ չփոխվեն»: Նա նաեւ ասաց. «Հարցը ունի մի քանի երանգներ, եւ այս օրենսդրական նախագծերը, որ հիմա մշակվում են, ծածկելու են շատ ավելի մեծ դաշտ»: Մեր տեղեկություններով այդ հանձնաժողովը,  բացի հասարակ էթիկական խնդիրներ քննելը, ունենալու է շատ ավելի մեծ` ընդհուպ մինչեւ պատգամավորական մանդատից զրկելու լիազորություններ: Ընդ որում, կա քաղաքական որոշում այն մասին, որ այս անգամ  չի անցնելու բիզնեսի լիազորագրային կառավարման տարբերակը, որն   իրեն հարգող յուրաքանչյուր օլիգարխ Ազգային Ժողով մտնելուց առաջ հանել է տալիս: Իսկ կառավարության  մտադրության լրջության մասին վկայում են օրենքի նախապատմությունը եւ  այն հապճեպությունը, որով  օրենքի նախագիծը անցած տարեվերջին ուղարկվել  էր ԱԺ` ներառվելով առաջին պատահած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող» օրենսդրական փաթեթի մեջ: Երբ այն ժամանակ  պատգամավորներից մեկը տրամաբանական հարց բարձրացրեց, թե ի՞նչ կապ ունի էթիկայի հանձնաժողովը հանրային ծառությունների կարգավորման  հետ, կառավարության ներկայացուցիչը անսպասելի լեզվական սայթաքում ունեցավ, որ «օրենքն ուշանում էր, ժամանակ չկար, մեզանից պահանջում են»  եւ այլն, եւ այլն:  ԱԺ-ին այս բացատրությունը,  բնականաբար, չբավարարեց, եւ նախնական տարբերակով օրենքի նախագիծը հետ ուղարկվեց:  Ընդ որում, կառավարության ներկայացրած սկզբնական տարբերակում էթիկայի հանձնաժողովի գործունեությունը պետք է վերաբերեր թե՛ ԱԺ-ին, թե՛ կառավարությանը: Բայց խորհրդարանը կրկին դիմադրեց  եւ, ի վերջո,  պայմանավորվեցին,  որ կլինի «դուք առանձին, մենք առանձին» տարբերակը: Եվ խորհրդարանի մասով նախագիծը հանձնարարվեց Դավիթ Հարությունյանին:Ձեռնարկի  հաջողության, իսկ առաջին հերթին ` ոչ իմիտացիոն լինելու վերաբերյալ, բնականաբար, կարող են կասկածներ լինել եւ առաջին հերթին` պատգամավորների մոտ: Սակայն ոմանք պնդում են,որ օլիգարխներն իրենք էլ խորհրդարան մտնելու նախկին էնտուզիազմը չունեն. մոդա էր` անցավ: Մի քիչ էլ հագուրդ տվեցին սեփական փառասիրությանն ու հիմա ո՛չ հավես, ո՛չ էլ ժամանակ ունեն ժամերով նստել ԱԺ-ում   կամ էլ  ՀՀԿ-ի քարտուղարուհիների զանգերով քվեարկության համար խորհրդարան վազել: Մանավանդ,  արդեն մոտ մեկ տասնյակի չափ կենդանի օրինակներ կան, որ եթե իշխանությունները ցանկանում են ինչ-որ մեկին «փակել», ապա նրան  պատգամավորական անձեռնմխելիությունը չի փրկում. անմիջապես հայտնվում է Գլխավոր դատախազը, եւ Ազգային Ժողովն իր պատգամավորին շատ արագ հանձնում է: Ի վերջո,  եթե իշխանության թիմից ես, հարցերը կարելի է նաեւ դրսից լուծել: Այս տրամադրությունների մասին, ի դեպ, վկայում է այն, որ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Հարություն Փամբուկյանը եւ շատ ուրիշներ արդեն տարիներով խորհրդարան չեն մտնում: Իսկ պատգամավորներից  մեկն էլ իր էլեկտրոնային քվեարկության քարտը հանձնել է  գործընկերոջն ու գնացել: Վերջապես,  ծայրահեղ դեպքում կա ու կա ԱԺ-ում սեփական  ներկայացուցիչն ունենալու տարբերակը: Օրինակ` Հակոբ Հակոբյանի ընտրատեղամասից ընտրված Կորյուն Նահապետյանը, ով Սամվել Ալեքսանյանի  քրոջ փեսան է, ինչ վատ ներկայացուցչություն կանի  վերջինիս համար: Հ.Գ. Եթե մի պահ տեսականորեն պատկերացնենք, որ իշխանությունը  նախընտրական կամ միայն իրեն հայտնի   այլ պատճառներով  որոշի խորհրդարանի «ապաօլիգարխացմանը» տալ ոչ իմիտացիոն ընթացք, ապա առաջին հերթին գործընթացը պետք է սկսի իրենից ու դադարեցնի յուրաքանչյուր  համապետական ընտրություններում կատարվող առեւտուրը, երբ  ընտրություններից առաջ օլիգարխը հրավիրվում է համապատասխան կաբինետ եւ տեղեկացվում, որ ընտրությունների համար այսքան գումար պետք է տա` դիմացը ստանալով պատգամավորական մեկ-երկու աթոռ: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս