Կհետևի՞ Սերժ Սարգսյանը Գոլդա Մեյրի օրինակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը լիովին տեղավորվում է հակամարտության զարգացման տրամաբանության ադրբեջանական տեսլականի մեջ:

Բանակցություններում առաջացած անելանելի փակուղին ազդակ էր, որ Ադրբեջանը վաղ թե ուշ նման մի գործողություն ձեռնարկելու է: Հակառակորդի գործողություններից անակնկալի եկած հայաստանյան իշխանությունները, սակայն, կարծես թե տրամադրված չեն սեփական սխալների վերհանմանն ու շուտափույթ շտկմանը: Այս առումով ուշագրավ համեմատություն է ուրվագծվում արաբա-իսրայելական 1973թ. ռազմական գործողությունների համար պատասխանատու իսրայելական իշխանությունների եւ նրանց հայաստանյան ժամանակակից պաշտոնակիցների միջեւ:

1973թ. հոկտեմբերի 6-ին Եգիպտոսի հարձակումը անակնկալի բերեց Իսրայելին: Անշուշտ, վերջինիս կառավարությունը դեռ նախորդ բախումների ժամանակ էր ապացուցել, որ ի վիճակի է կանխարգելիչ հարված հասցնել հակառակորդին եւ նրան լուրջ կորուստներ պատճառել, ինչը մասնավորապես տեղի ունեցավ 1967թ. պատերազմում: Սակայն 1973թ. աշնանը Իսրայելը չգնաց կանխարգելիչ պատերազմի ճանապարհով: Ըստ էության, դրանում իր բացասական դերակատարությունն ունեցավ Միացյալ Նահանգները: Հայտնի է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները պատերազմի մեկնարկից երկու օր առաջ հատուկ հաշվետվության մեջ խիստ կասկածելի էին համարում եգիպտա-իսրայելական հակամարտության պոռթկումը:

Ավելին` դիվանագիտական ճակատում ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հատուկ նախազգուշացրել էին Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյրին կանխարգելիչ հարված հասցնելու անթույլատրելիության մասին` առաջնահերթ համարելով ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերություններում արձանագրված դրական տեղաշարժի միտումը չվնասելը: Ըստ այդմ, Իսրայելը, դառնալով ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի զոհը, ենթարկվեց ռազմական ագրեսիայի, որի արդյունքում տվեց մինչեւ 2800 զոհ եւ 8800 վիրավոր:

Կասկածից դուրս է, որ եգիպտական ուժերին կանխարգելիչ հարված հասցնելու պարագայում Իսրայելի կորուստները շատ ավելի քիչ կլինեին: Բայց միեւնույն ժամանակ չի կարելի մոռանալ, որ ԱՄՆ-ի ռազմական օգնությունը զգալիորեն նպաստեց Իսրայելի հաջողությանը, այսինքն` Միացյալ Նահանգները հավասարության նշան չդրեց կողմերի միջեւ` անգամ լինելով հետագայում նրանց միջեւ հրադադարի ու խաղաղության պայմանագրի նախաձեռնողը:

Իսրայելի քաղաքական ղեկավարությունը, որը պատասխանատու էր սկզբնական շրջանում կրած ռազմական անհաջողությունների համար, ղեկավարվում էր աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Գոլդա Մեյրի կողմից: Իսրայելի ամենաերեւելի կին գործիչներից մեկը լինելով` Մեյրն իր քաղաքական կարիերայում զբաղեցրել էր բազմաթիվ պաշտոններ, այդ թվում` ԽՍՀՄ-ում արտակարգ եւ լիազոր դեսպանի, ղեկավարել Իսրայելի աշխատանքի նախարարությունը, եղել երկրի արտաքին եւ ապա ներքին գործերի նախարարը:

1967թ. 6-օրյա պատերամզից հետո Մեյրը կազմեց ազգային համաձայնության կառավարություն` միաժամանակ ազդարարելով խաղաղության հասնելու Իսրայելի կառավարության ցանկությունը:

Հաջողությամբ հաղթահարելով անակնկալ պատերազմի մատուցած շոկը` Գոլդա Մեյրի ղեկավարությամբ Իսրայելը հաղթանակ տարավ Յոմ Կիպուրի պատերազմում: Այստեղ էլ դրսեւորվեց պետական գործչի «մեյրյան» փայլուն կեցվածքը: Հասարակության կողմից բարձրացված հարցերը, թե ինչո՞ւ Իսրայելի բանակը համապատասխան պատրաստվածության բերված չէր, ինչո՞ւ էր հակառակորդին հաջողվել նկատելի առաջխաղացում ունենալ, հանգեցրին հատուկ հանձնաժողովի ստեղծմանը, որի գնահատականով` Գոլդա Մեյրը բանակի հրամանատարությունն իրականացրել էր պատշաճ կերպով` հակառակորդին նահանջ պարտադրելով:

Նույն 1973թ.-ի դեկտեմբերին նրա կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, սակայն Մեյրը չհամաձայնեց կատարել վարչապետի պարտականությունները` համարելով, որ իր պատասխանատվությունը չափից դուրս մեծ է պատերազմում ունեցած Իսրայելի կորուստների հարցում: Գոլդա Մեյրը 5 տարվա վարչապետությունը բավական համարեց` ցուցաբերելով իսկական պետական գործչի հատկություններ:

Հայաստանի քաղաքական իշխանության առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը, պատերազմական ագրեսիայի պահին հայտնվեց գրեթե նույն վիճակում: Հաշվի առնելով ռուսական շրջանակների ազդեցությունը Հայաստանի իշխանության վրա` կարող ենք վստահաբար պնդել, որ ռազմական ագրեսիայի ողջ ընթացքում ճնշումների պակաս հաստատապես չի զգացվել:

Ավելին` ինչպես ԱՄՆ-ն Իսրայելի պարագայում, այնպես էլ Ռուսաստանը Հայաստանի պետական շահերը զոհաբերեց հանուն սեփականի, ինչը օրինաչափ է բոլոր գերտերությունների պարագայում: Այդուհանդերձ, այս դեպքում Ռուսաստանը ոչ միայն չօժանդակեց հայկական կողմին, այլեւ միանգամայն հավասար եւ ընդհուպ մինչեւ Հայաստանի հանդեպ արհամարհական կեցվածք որդեգրեց: Եթե ԱՄՆ-ն պաշտպանեց ու աջակցեց իր դաշնակցին, ապա Ռուսաստանն իր դաշնակցին ստորադասեց գործընկերոջը: Ահա թե ինչպիսի մակարդակի անվտանգության եւ արժեքային համակարգի մեջ է իշխանությունը ներառել Հայաստանը:

Մեր երկրում Ղարաբաղյան պատերազմը հաղթած էլիտայից այսօր իշխանությունը պատկանում է միայն մեկին, որն ամեն ինչ արեց եւս առնվազն 5 տարի իշխանության ղեկին մնալու համար: Անկախություն նվաճած եւ հաղթանակը ապահոված գործիչներից Վազգեն Սարգսյանը սպանվեց, Վանո Սիրադեղյանն արտաքսվեց, Սամվել Բաբայանը ձերբակալվեց ու դուրս մղվեց որոշումների կայացման տիրույթից: Ռոբերտ Քոչարյանը կարծես այնքան էլ դժգոհ չէ, ռուսական մամուլի պնդմամբ, միլիարդատիրոջ կարգավիճակից, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հեղափոխություններից առաջինը 2008թ. խեղդվեց արյան մեջ, իսկ երկրորդը «գողական» ռազբորկաներով ի չիք դարձվեց 2015թ.:

Իշխանությունը կենտրոնացնելով բացառապես իր ձեռքում եւ սահմանադրական փոփոխություններով վճռականորեն ձգտելով շարունակել իր կառավարումը` Սերժ Սարգսյանն այս օրերին ցույց չտվեց պետական գործչի որակներ, ինչի մասին է վկայում հրատապ փոփոխություններ պահանջող իրավիճակի հանդեպ նրա ակնհայտ անհողդողդությունը: Բայց ինչպիսի իսկական հայրենասիրական քայլ կլիներ հետեւել պատերազմ հաղթած Գոլդա Մեյրի օրինակին եւ ընդունելով սեփական պատասխանատվությունը 92 զոհերի առաջ` արտահերթ արդար ընտրություններ անցկացնելուց հետո հեռանալ իշխանությունից:

Շարունակելի

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս