Այս օրերին Հայաստանում հակառուսական տրամադրությունները թեեւ որոշակորեն պատճառաբանված են, այդուհանդերձ, կրում են առավելապես էմոցիոնալ եւ ոչ լիարժեք փաստարկված բնույթ: Մասնավորապես դժգոհելով ՀՀ ռազմավարական դաշնակցի պահվածքից՝ մենք, չգիտես ինչու, մոռանում ենք, որ նախ եւ առաջ պետք է ակնկալիքներ ունենանք ինքներս մեզանից եւ մեր պահանջները ներկայացնենք նախ մեր իշխանություններին, ապա միայն որեւէ այլ երկրի ղեկավարի: Եվ, ընդ որում, հենց մեր իշխանություններից պետք է պահանջենք այն հարցի պատասխանը, թե ինչու է մեր ռազմավարական դաշնակիցը նման կերպ իրեն պահում մեզ համար օրհասական փուլում:
Այն, որ Ադրբեջանը պատրաստվում էր խնդիրը ռազմական ճանապահով լուծել, երեւի թե որեւէ բանական մարդու համար անակնկալ չէր. Իլհամի ամենօրյա ռեժիմով հնչող հաթաթաներն ու միլիարդավոր դոլարների զենքի ձեռք բերումը անտեսելու համար պետք էր քաղաքական ինֆանտիլությամբ հիվանդ լինել: Եվ, անկեղծ ասած, թվում էր, թե մեր իշխանությունները գոնե այդ հարցում ունեն սթափ եւ ադեկվատ մտածողություն: Բայց արի ու տես, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմն առանձնապես պատրաստված չէր այս ամենին: Մի կողմ թողնելով մարտական պատրաստության հարցը (դա առանձին եւ շատ նուրբ քննարկման թեմա է, ի վերջո, 92 զոհը չափազանց մեծ թիվ է 2,5 միլիոնանոց Հայաստանի եւ ԼՂՀ համար)՝ մեր անպատրաստությունը երեւաց անգամ միջազգային լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքում, որոնցում, ի դեպ, բավականին մեծ տեղ էին գրավում հիշատակումները` հայերի շրջանում ծավալվող հակառուսական տրամադրությունների մասին: Դե, իսկ Սերժ Սարգսյանի` Բեռլինում ունեցած ելույթն ու բարձրաձայնումը, որ հայկական կողմը կռվում է հիմնականում 80-ականների զենքով, առհասարակ, անհասկանալի, անտեղի եւ անհեռանկար քայլ էր: Սրա հետ կապված ոչ հայամետ համարվող ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցեւը նախօրեին ասել էր.«Ես տեսնում եմ, որ իմ երկիրը պահպանում է հավասարակշռությունը, բայց անվճար սպառազինություն է մատակարարում իր դաշնակցին, իմ հարկերի հաշվին, իսկ Ադրբեջանը գնում է այդ սպառազինությունը, եւ դրան ի պատասխան` տեսնում ենք միայն սկանդալներ, ինչը տհաճ է: Եթե ռուսականը չեք ցանկանում, ապա վաստակեք եւ գնեք ինքներդ` հենց Իսրայելից»:
Իհարկե, դառը եւ մեզ համար ոչ հաճելի տեսակետ է, բայց եթե սթափ դատենք, ապա միանգամայն արդարացի է: Ի վերջո, ինչն է մեզ խանգարում զարգացնելու մեր տնտեսությունը եւ իրապես վաստակելու, այլ ոչ թե մուրալու: Հաստատ Ռուսաստանը չէ, որ խանգարում է Սերժ Սարգսյանին վերացնել մենաշնորհներն ու 70 տոկոսանոց ստվերը, արմատախիլ անել կոռուպցիան եւ պետական կառավարման համակարգից մաքրել «ատկատների» եւ «օֆշորների» «շնաձկներին»: Մեր բոլոր խնդիրները մեր մեջ են, եւ եթե մենք ինքներս մեզ չենք հարգում, ուրիշներից հարգանք ակնկալելն անիմաստ է: