ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՆ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԻՇԽԱՆԱՎՈՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լուրեր տարածվեցին, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի ընտրական շտաբներում գումար են բաժանում, բայց երբ կողքից մարդ է գնում, այդ գործընթացը կանգնեցնում են, իսկ ընտրողների կուտակումներն էլ պատճառաբանում են, թե իբր Ղարաբաղի համար օգնություն են հավաքում: Անկեղծ չի լինի, եթե ասենք, որ այս եւ մնացած ընտրակեղծարարների կողմից նման անբարոյական վարքագիծն անսպասելի էր:

Իրականում ցանկացած ընտրակեղծարարի կենսագրություն եթե ուսումնասիրենք, ամեն ինչ հասկանալի կդառնա: Վերցնենք Հրազդանի 14 տարվա քաղաքապետ Արամ Դանիելյանին, որը հինգերորդ անգամ ցանկանում է վերանշանակվել իր պաշտոնում:
Արամ Դանիելյանը ծնվել է 1962 թվականին: 1986-ին ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը: 1987-89 թթ. աշխատել է Հրազդանի ՊՇԵԿ-ում` որպես ինժեներ: 1989-93 թվականներին աշխատել է Հրազդանի քաղաքային խորհրդում` որպես հրահանգիչ: 1993 թվականին նշանակվել է Հրազդանի քաղխորհրդի գործկոմի սոցիալական ապահովության բաժնի պետ: 1995 թ-ին նշանակվել է Հրազդանի շրջանային եւ քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն: 1997 թվականին նշանակվել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն: 2002 թվականից ընտրվել է Հրազդանի քաղաքապետ:
Ինչպես տեսնում ենք՝ Դանիելյանը կարողացել է «կարիերա անել» հենց արցախյան պատերազմի տարիներին` 1990-94 թվականներին: Համաձայնեք, որ այդ տարիներին ռազմաճակատ գնալուց խուսափելու եւ ինժեների կրթությամբ սոցապում, ասել է, թե «ամենափողոտ» կառույցներից մեկում կարիերա անելու համար հատուկ մարդկային որակներ են հարկավոր: Նման որակներ ունեցող մարդիկ սովորաբար ոչնչի առջեւ կանգ չեն առնում:
Իսկ ովքեր են Արամ Դանիելյանի թիմակիցները. նրա ընտրական շտաբի պետը Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանն է: Վերջինս եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հենց այն անձինք են, որոնք ընտրողների հետ հանդիպումներում հիմնականում ուղեկցում են Հրազդանի գործող քաղաքապետին:
Կարեն Մարգարյանը Կոտայքի մարզպետի տեղակալ է դարձել 2012 թվականին, 30 տարեկանում: 2003-ին նա ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժինը: Ուսանելու հետ զուգահեռ` 2001-ից 2002 թվականներին, եղել է հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանի լրատվության պատասխանատուն: 2002-ից աշխատանքի է անցել Կոտայքի մարզպետարանում, սկզբում որպես մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ, 2003-ից մինչեւ 2006 թվականը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետի մամուլի քարտուղար, այնուհետեւ նշանակվել է Կոտայքի մարզպետի խորհրդական լրատվության եւ հասարակայնության հետ կապերի հարցերով: 2008-ից մինչեւ 2012 թվականը, այսինքն՝ մինչեւ փոխմարզպետ դառնալը, եղել է մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: Այդպես էլ անհասկանալի է մնում, թե Մարգարյանն ինչ հիմքով զինվորական ծառայություն չի անցել: Ի դեպ, նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ 2015թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Նկատենք, որ բանակում չծառայած պաշտոնյաներին «Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգեւատրելը ՀՀ պաշտպանության նախարարությունում ավանդույթ է դարձել:
Ինչ վերաբերվում է Կարապետ Գուլոյանին, վերջինս, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է եւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` դստեր ամուսինը: Հենց այս վերջին հանգամանքով էլ պայմանավորված է Գուլոյանի կարիերայի սրընթաց վերելքը: Մինչեւ Գագիկ Ծառուկյանի փեսան դառնալը Կարապետ Գուլոյանը դատախազի «կարիերա է արել»՝ ստաժոր քննիչից հասնելով դատախազի պաշտոնին: Իսկ 2008-ին նա դարձել է Աբովյանի քաղաքապետ: Հիշեցնենք, որ այս քաղաքը արդեն մեկուկես տասնամյակ է՝ ավանդաբար համարվում է Գագիկ Ծառուկյանի «տարածքը»: Ինչեւէ, կարեւորն այն է, որ Կարապետ Գուլոյանը եւս, ինչպես հարիր է մերօրյա իշխանական «ոսկե» երիտասարդությանը, բանակում չի ծառայել, ամեն դեպքում նրա կենսագրությունում այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Ի դեպ, ի տարբերություն իր տեղակալի՝ Գուլոյանը դեռեւս «Անդրանիկ Օզանյանի» մեդալով չի պարգեւատրվել, բայց, դե, ոչինչ կորած չէ, դեռ ժամանակ կա, կհասցնի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՉՊԱՏԺԵՔ, ՄԵԴԱԼ ՏՎԵՔ
«Ժողովուրդ» օրաթերթի մարտի 25-ի համարում «Մարզպետները չեն տնտեսում պետական միջոցները» հրապարակման մեջ անդրադարձել էինք Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի՝ 2016 թվականի համար նախատեսված գնումներին: Մարզպետարանի աշխատակազմը ընթացիկ տարվա համար գնել է ավելի քան 7.5 տոննա ռեգուլյար տեսակի բենզին՝ մոտ 7.5 մլն դրամով: Իսկ մեկ լիտրի դիմաց վճարել է 420 դրամ, այն դեպքում, երբ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը ՀՀ բենզալցակայաններում դեռ փետրվարի սկզբից վաճառվում է 370-380 դրամով: Մարզպետարանը հեռախոսավարձի համար հատկացրել է մոտ 6.5 մլն դրամ, խմելու ջրի համար՝ 175 հազար 500 դրամ, էլէներգիայի համար՝ 15.5 մլն դրամ: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեի, Արագածոտնի մարզային քննչական վարչությունից գրություն ստացավ այն մասին, որ նախապատրաստված նյութերով ապրիլի 11-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցադեպի բացակայության հիմքով: Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը որոշեր իր տիրապետմանը հանձնված մարզի ղեկավարության դեմ քրգործ հարուցել: Ավելին՝ Հայաստանում պետական միջոցներ մսխելը վաղուց դարձել է հերոսության պես մի բան, բյուջետային միջոցներն «ուտելու» համար հիմա ոչ թե դատում են, այլ առնվազն պարգեւատրում:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ «ԽԵՂՃ» ՆԱԽԱՐԱՐԸ
«Ժողովուրդ»-ը շարունակում է պարզել, թե ՀՀ կառավարության գործարար-նախարարները որքան գումար են փոխանցել Արցախին: ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր միանգամից երեք ընկերությունների բաժնեմաս՝ 70 մլն 444 հզր դրամ, 37 մլն դրամ եւ 85 հազար դրամ արժողությամբ: Նրա փոխառությունները կազմում են 66 հազար 831 եվրո եւ 317 հազար 762 ՌԴ ռուբլի: Իսկ դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար, 25 հազար եվրո եւ 10 մլն դրամ: Ահա նման կարողության տեր նախարարը, որն իր հարստությունը հիմնականում կուտակել է 2000-ականների սկզբին նախարար աշխատելիս, որպես օգնություն Արցախին փոխանցել է ընդամենը իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 580 հազար դրամ:

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՓԵՍԱՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ ՊԵԿ Նոր Նորք վարչական շրջանի հարկային տեսչության օպերատիվ հետախուզության վարչության պետ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի փեսան: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՊԵԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Այստեղից մեզ պատասխանեցին. «Գարեգին Հարությունյանը ապրիլի 1-ին նշանակվել է ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 14-րդ (Նոր Նորքի) բաժնի պետ»:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՇՏԱՊԵՑՆՈՒՄ ԵՆ
Վաղը ՀՀ կառավարության նիստում կհաստատվի «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշումը, որը վերաբերում է ռուսական 200 միլիոն դոլարի վարկով զենք ձեռք բերելուն:
Ըստ այդմ, ՀՀ պաշտպանության նախարարությանը կհանձնարարվի հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկել եւ ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները եւ գները:

 

 

ՆԱՎԹԱՄԹԵՐԱՅԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները մտադիր են հաստատել նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգի նախագիծը: Նաեւ պետք է քննարկվեն մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք ուղղված են ԵՏՄ-ի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանն ու դրանց տեխնոլոգիական պոտենցիալի բարձրացմանը։

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Հանդիմանը քննարկվել է պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ուշադրության կենտրոնում են եղել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

 

 

ՎԵՐԱՆԱՅԵՔ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով հարցին, թե արդյոք ժամանակը չէ երկիրը թալանած օլիգարխների ունեցվածքը վերցնել եւ ուղղել բանակը զինելուն, երեկ ասել է.«Ծայրահեղ գնահատականներ պետք չի տալ: Բայց շատ հարցերում մեր դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն կա: Օրինակ՝ բյուջեի քննարկմանն ավելի ուշադիր պիտի լինենք, միգուցե շռայլություն է մի փոքր թույլ տրվել, չպետք է թույլ տանք եւ այդ միջոցները պետք է ուղղենք սահմանապահ գոտիներ, բանակին, տնտեսության զարգացմանը: Իհարկե, վերանայման խնդիր կա, սթափ, առանց զգացմունքայնության»,- ասել է նա:

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի միջեւ հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հանդիպման օրը դեռեւս ստույգ որոշված չէ: Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի հետ իր առանձնատանը հանդիպելուց հետո Լ. Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ հանդիպում է նախատեսվում նաեւ Բակո Սահակյանի հետ:




Լրահոս