ԽԻՍՏ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խիստ ընդդիմադիր» քաղաքական կողմնորոշում ունեցող «Ժողովրդական կուսակցություն»-ը պատրաստվում է նոր «հանրահավաքաժողովի», որի ականատեսը կլինենք փետրվարի 28-ին: Կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին «Ժողովուրդ»-ը հանդիպեց փակված ԱԼՄ հեռուստաընկերության շենքում: Մեր զրուցակցի հետ խոսեցինք կուսակցության գործունեությունից եւ իրենց առաջիկա ծրագրերից:  «Կուսակցությունն ի՞նչ ֆինանսներով է պահվում» հարցին Կարապետյանը ասաց. «Իմ սեփական միջոցներով»: ԺԿ-ն առաջիկա   բոլոր ընտրություններին մասնակցելու է, իսկ ձեւաչափը հետեւյալն է. «Մենք դաշինք չենք ստեղծում, որովհետեւ մենք դաշտում այսօր չենք տեսնում ազատ եւ ազնիվ ուժեր, դրա համար էլ մենք այլընտրանք ենք»: Ղեկավարի խոսքերով կուսակցությունն այսօր ունի 20.000 անդամ: Պարոն Կարապետյանն ասաց. «Մեր հանրահավաքները կուսակցական են, ԱԼՄ-ի հետ ոչ մի կապ չունեն, ԱԼՄ-ն փակվել ա դեկտեմբերի 26-ին, հանրահավաքները ես սկսել եմ 2011 թվականից: Ես հունվարի 15-ին հանահավաք չեմ արել, սխալ գիտեք, ոմանք շփոթում են, դա համաժողով էր, իսկ դրանք տարբեր բաներ են: Պարզապես ուզում են մեր կշիռը ցածրացնեն` տեսե՛ք`  քիչ եկան, ես այլ կուսակցությունների պես արաղ ու զակուսկի չեմ բաժանում ավտոբուսներով, մենք այդպիսի բան չենք անում, մենք թողնում ենք ժողովրդի վրա, որ ինքը ուզենա գա, կգա: Մենք այդ առումով ավելի ճիշտ ուղու վրա ենք, իսկ ժողովուրդը շատ է, թե քիչ է, ավելանում է, թե նվազում է, կերեւա փետրվարի 28-ին»: Եթե մինչեւ այսօր ԺԿ-ն, ըստ Կարապետիչի,  գործում էր կենտրոնամետ դաշտում, այսօր այլ կարգավիճակ ունի. «Մենք կենտրոնամետ չենք, մենք բացահայտ հայտարարել ենք, որ ընդդիմադիր ենք, մենք ստեղծել ենք ընդդիմադիր դաշտ: Դա այն ընդդիմությունը չի, որը գնում ա աթոռափոխությանը: Նրանք նախկին իշխանավորներ են, իսկ ընդդիմությունը մենք ենք, որը հանուն արդարության ա գնում»: Կուսակցության նախագահը հավելեց նաեւ. «Մեզ բոյկոտում են, ասում են փուչիկա, ասում են Սերժի մարդն ա, այստեղ իրենց տրամաբանությունը հետաքրքիր ա, իրենք են Սերժին բերել, Սերժը իրենց կուսակցությունից ա եղել` ՀՀՇ: Սերժը ինձ խաբել ա, քցել ա, հեռուստաընկերությունը ձեռիցս վերցրել ա, ու դուրս ա գալիս, որ ես Սերժի մարդն եմ, իրանք չէ՞: Էդ ո՞նց ա ըտենց ստացվում: Ուղղակի իրանք ասում են, որ ես չասեմ»: Պարոն Կարապետյանը վստահեցրեց, որ իրենք միակ ընդդիմադիր կուսակցությունն են, որը արդարության պատերազմ է տալիս: «Մենք ընդդիմադիր ենք Սերժին էլ, համակարգին էլ»: Իսկ ինչ վերաբերում է փետրվարի 28-ին կայանալիք հանրահավաքին, պարոն Կարապետյանը նշեց. «Մենք չենք ուզում ակնկալիքներով խոսանք, կլինի հանրահավաք, կգաք կտեսնեք»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս