Նոր զարգացումներ պատգամավորի թիկնապահի դանակահարության գործով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Անդրանիկ Գաբրիելյանի, Գարիկ Բաբախանյանի, Հակոբ Բոյաջյանի և Սամվել Սաֆարյանի գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ սույն անձինք մեղադրվում են Երևանի կենտրոնում հասարակական կարգը խախտելու մեջ: Նրանցից Անդրանիկ Գաբրիելյանը, մասնավորապես, դանակահարել է ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանին: ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել փողոցային կռիվը հանդարտեցնելու ժամանակ: Պատգամավորն այս առիթով մեզ հետ զրույցում ասել էր, որ չէր կարող անտարբեր անցնել նման երևույթի կողքով:

Ի դեպ, մինչ Մաշտոցի պողոտայի ծեծկռտուքը, նույն երիտասարդները Հանրապետության հրապարակի տարածքում մի անցորդի են ծեծի ենթարկել ու կողոպտել:

Եվ այսպես, այսօրվա դատական նիստին Անդրանիկ Գաբրիելյանի շահերի պաշտպան Մերի Ալավերդյանը միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալին դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու մասին:

Նախագահողը բավարարեց միջնորդությունը` հետաձգելով դատական նիստը:

Նշենք նաև, որ այսօրվա նիստին դատարանը հարցրեց ամբաստանյալներին նախկինում նրանց դատվածության մասին, և պարզվեց Հակոբ Բոյաջյանը մի քանի անգամ է դատված եղել: Ավելին, հարցին` քանի անգամ է դատված եղել, ամբաստանյալը պատասխանեց, թե չի հիշում:




Լրահոս