Կազանյան փաստաթուղթը բխում է Մադրիդյան սկզբունքներից. Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին` փաստացի հայտարարեց, որ բանակցությունների սեղանին պետք է դրվի 2011 թվականին Կազանում ներկայացված փաստաթուղթը:

Նկատենք, որ այս փաստաթուղթը իրենից մի շարք հիմնարար պահանջներ է ներկայացնում, մասնավորապես ստատուս քվոյի փոփոխություն, խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչն էլ էականորեն նմանեցվում է դեռեւս 2007 թվականին ԵԱՀԿ համանախագահների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացված Մադրիդյան սկզբունքներին:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանին:

-Պարո՛ն Թորոսյան, օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստացի նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով պետք է կյանքի կոչել Կազանի փաստաթուղթը: Նկատենք, որ հանրությունն առանձնապես տեղեկացված չէ կազանյան փաստաթղթի մանրամասներին: Տեղյա՞կ եք, արդյոք, թե ինչ սկզբունքներ են ներառված դրանում:

-Ինչքանով որ ես ծանոթ եմ Կազանյան փաստաթղթին, դա բխում է մադրիդյան սկզբունքներից եւ, ըստ երեւույթին, փաթեթային լուծման տարբերակ է, որտեղ դիտարկվելու են փոխզիջումները: Այսինքն՝ վերադարձնում ենք ազատագրված շրջաններ, բայց դրա դիմաց Ադրբեջանը միջազգային հանրության երաշխավորությամբ հանրաքվեի միջոցով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Քանի որ այժմ որեւէ փաստաթուղթ փաստացի դրված չի քննարկման, որպես քաղաքական գործիչ ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, իսկ որպես հայ մարդ սկզբունքորեն դեմ եմ հող զիջելուն:

-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսեց նաեւ կողմերի միջեւ վստահության միջոցների ձեռք բերման, անվտանգության մեխանիզմների կիրառման մասին: Ի՞նչ է իրենից ենթադրում այս ամենը:

-Ես ենթադրում եմ, որ այդ վստահության հարցը երկու կոմպոնենտ ունի` մեկը մեր ներքին, այսինքն՝ հայ-ադրբեջանական փոխադարձ վստահության խնդիրն է, մյուսը միջազգային երաշխիքների խնդիրն է, որը առաջին հերթին պետք է լինի խաղաղապահների ներգրավվածությամբ, ինչը փաթեթային լուծման շրջանակներում նախատեսվում է:

-Պարո՛ն Թորոսյան, ի վերջո, առաջիկայում սպասվող բանակցություններից հայկական կողմը ինչ կարող է ակնկալել:

-Ինչպես այս քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ մենք պատրաստ ենք դիմակայելու հակառակորդի ցանկացած քայլի, բայց մենք միանշանակ կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, որովհետեւ անգամ եթե հազար ասկյար զինվոր զոհվեր մեր մեկ զինվորի դիմաց, դա մեր զոհերի ցավը չի մեղմացնի: Ընդհանրապես պատերազմը խնդրի լուծման ձեւ չի կարող լինել: Մենք արդեն իսկ 1990-1994 թվականներին անցել ենք մի պատերազմ, որը խնդրի լուծում չի տվել, եւ 1994-ից մինչեւ այսօր, հատկապես վերջին շրջանում, եւս խնդրի լուծումը չի երեւում:

Հետեւաբար խնդրի լուծումը բանակցային գործընթացով պետք է լինի: Մենք պետք է դիմենք ե՛ւ մեր ջանքերին, ե՛ւ միջնորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ե՛ւ առանձին վերցրած երկրների ջանքերին: Միեւնույն ժամանակ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Բայց մենք խաղաղություն պարտադրելու եւ խաղաղ ճանապարհով լուծման հասնելու մեկ երաշխիք ունենք. դա մեր բանակն է եւ մեր ռազմական հնարավորությունները:

Արփինե Թովմասյան




Լրահոս