ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսնության գրանցման ժամանակ ինչպե՞ս է որոշվում ամուսինների ազգանվան կարգավորման հարցը:
Լուիզա Մանուկյան (29 տարեկան, դիզայներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում): Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ եւ ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավել եւ գրառվում է գծիկով (օրինակ՝ այրը՝ Պողոսյան, կինը՝ Ասատրյան, ընդհանուր ազգանունը՝ այրը՝ Պողոսյան-Ասատրյան, կինը՝ Պողոսյան-Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ՀՀ-ում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետեւանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում: