Աժ-ում տեղի ունեցած այդ «սաբոտաժը» վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների փակ հանդիպում: Նկատենք, որ նման ֆորմատով հանդիպումների ավանդույթ ՀՀԿ-ում, կարծես թե, չկա, եւ երեկվա հանդիպումը պետք է որ հատուկ դրդապատճառ ունենար: Իսկ ինչը կարող էր այդպիսին հանդիսանալ: Այս հարցի պատասխանը տեսանելի է դառնում, երբ հիշում ենք, որ դրա նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցավ բավականին ուշագրավ եւ վերջին տարիների համար, կարելի է ասել, աննախադեպ իրադարձություն. Աժ մեծամասնությունը ապրիլի 26-ին, ըստ էության, տապալեց Միքայել Բաղդասարովին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու մասին առաջարկվող օրենքի նախագիծը` չկարողանալով քվորում ապահովել եւ այն անցկացնել: Նախագիծը բոյկոտեցին ինչպես ընդդիմադիր պատգամավորները, այնպես էլ որոշ ՀՀԿ-ական գործարարներ:

Իսկ ահա Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը /«Տաշիր գրուպի» սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը / առհասարակ, դեմ քվեարկեց այդ նախագծին` հայտարարելով, թե. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, եւ պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն: Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն»:

Եվ, ահա, դատելով երեկ հրատապ կարգով կազմակերպված հանդիպումից՝ Սերժ Սարգսյանը կարես թե «խելքի է եկել»` հասկանալով, որ իր թիմակիցներին արագ եւ կոշտ ձեւով «կարգի չհրավիրելու» դեպքում, հնարավոր է՝ իրոք «այլ խելքի եկողներ լինեն»: Աժ-ում տեղի ունեցած այդ «սաբոտաժը» հատկապես այս փուլում շատ ավելի վտանգավոր զարգացումներ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի համար` նկատի առնելով նաեւ Ղարաբաղի հարցում բանակցությունների հետ կապված նրա վերջին հայտարարություններին երեկ հրապարակավ հակադարձած Վարդան Օսկանյանի` նոր կուսակցության մուտքը քաղաքական դաշտ: Ի վերջո, եթե Ս. Սարգսյանը չի ցանկանում բանակցել, ապա կա Ռոբերտ Քոչարյանը, որը Օսկանյանի շուրթերով ասում է` ես պատրաստ եմ: Եվ, ահա, այստեղ ներքին որեւէ անհնազանդություն, անգամ մեկ օրենսդրական նախաձեռնության տապալման տեսքով, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Ս. Սարգսյանի համար: Առավել եւս, որ, ինչպես հիշում ենք, ընդամենը երկու տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց, որ ՀՀԿ-ում իրեն հավատարիմ շատ դեմքեր կան:




Լրահոս