Սննդամթերքի արտադրությունը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ամբողջ արդյունաբերությունը 9.9 տոկոսով աճել է: Հիմնականում աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացհանքերի շահագործման ոլորտում՝ 41.5 տոկոս: Իսկ, ահա, մշակող արդյունաբերությունը, հակառակը, 4.7 տոկոսով նվազել է: Սննդամթերքի արտադրությունը այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնպես նվազել է 6.1 տոկոսով: Իսկ խմիչքների արտադրությունը 5.7 տոկոսով աճել է, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունն էլ ամբողջ 47.3 տոկոսով է ավելացել:

ԱՎԾ-ի տվյալներով՝ մանագործական արտադրատեսակների արտադրությունը 47.6 տոկոսով նվազել է, իսկ հագուստի արտադրությունը՝ 43.4 տոկոսով ավելացել:
Աճել են նաեւ քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալները՝ 15.6 տոկոս: Ի դեպ, նշենք, որ դեղագործական արտադրանքի արտադրությունը նույնպես աճել է՝ 3.1 տոկոս: Հավանաբար, այս ոլորտում գրանցված աճը պայմանավորված է տեղական դեղերի տեսականու ավելացմամբ: Բացի այս, հաշվի առնելով բնակչության սոցիալական վատ վիճակը՝ լայնորեն սպառվում են տեղական արտադրության դեղամիջոցները, քանի որ դրանք համեմատաբար էժան են:

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է կահույքի արտադրությունը՝ 34.2 տոկոսով: Իսկ, ահա, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը 3.2 տոկոսով նվազել է: Վերոնշյալ ժամանակահատվածում աճել է նաեւ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը՝ 21.2 տոկոսով: Նշվածից 31.4 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, դրա հաղորդումն ու բաշխումը: Գազի արտադրությունը, հակառակը, 3.5 տոկոսով նվազել է: Իսկ ջրամատակարարումը, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը աճել է 10 տոկոսով: Հետաքրքիր է, որ թեեւ ԱՎԾ-ն խմիչքների արտադրության ոլորտում արձանագրել է 5.7 տոկոսի աճ, սակայն եթե առանձին ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ գարեջրի, գինու, օղու, շամպայնի արտադրության ծավալները այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են: Հավանաբար խմիչքների արտադրության աճի մեջ իր դերակատարությունն ունի կոնյակի արտադրության ծավալների աճը՝ 28.8 տոկոսով:

Ի դեպ, սննդամթերքի արտադրության նվազումը պայմանավորված է մսի՝ 5.3, մսամթերքի, ներառյալ երշիկեղենի՝ 1.2, հացի արտադրության ծավալների 2 տոկոս նվազումով: Բացի այս՝ սննդամթերքի ընդհանուր արտադրության ծավալներում 9.7 տոկոսով նվազել է պահածոների արտադրությունը, իսկ մակարոնեղենինը նվազել է 16.5 տոկոսով, ալյուրինը՝ 26.9 տոկոսով: Սննդամթերքի արտադրության նվազումը ուղիղ կապ ունի բնակչության թվի նվազման եւ գնողունակության անկման հետ: Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստանից շուրջ 48 հազար քաղաքացի անվերադարձ հեռացել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս