Ո՞րերորդ դասարանի մակարդակ ի ցույց դրեց Հերմինե Նաղդալյանը. ԱԺ-ում թքած ունեն կանոնակարգ օրենքի վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի` առաջին ընթերցմամբ երեկվա քվեարկությունը ընթացավ խորհրդարանական սկանդալի ուղեկցությամբ: Բանն այն է, որ վերջերս վատառողջ Գալուստ Սահակյանը, խախտելով Աժ կանոնակարգ օրենքը, մինչ ԸՕ նախագծի քվեարկությունն այդպես էլ հնարավորություն չտվեց ընդդիմադիր պատգամավորներին վարման կարգի հետ կապված ելույթ ունենալ, ինչն էլ հարուցեց վերջինների վրդովմունքը:

Սակայն ԱԺ նախագահն անվրդով կերպով հայտարարեց, թե նախ քվեարկեք, ապա ինչ ուզում եք` խոսեք: Մինչդեռ, ընդգծենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Նիստի վարման կարգի վերաբերյալ պատգամավորը ելույթով հանդես է գալիս քվեարկությունից առաջ եւ հետո` մինչեւ հերթական հարցի զեկուցումը»: Ակնհայտորեն Աժ բարձր ամբիոնից «թքած ունենալով» կանոնակարգի վրա` ԱԺ նախագահը քվեարկությւնից հետո հեռացավ` իր արածի հետեւանքներին դիմագրավելու գործը թողնելով Աժ փոխխոսնակներ Է. Շարմազանովի եւ Հ. Նաղդալյանի վրա:

Հատկապես վերջինս երեկ առանձնահատուկ ոգեւորությամբ էր փորձում «կրծքով» պաշտպանել Գրիգորիչին, ընդ որում, դա անում էր բավականին ցինիկ կերպով` ընդդիմադիր պատգամավորների հասցեին թույլ տալով որակումներ, որոնց իրավունքը հատկապես նա պետք է որ գոնե այս օրերին չունենար:

Ի վերջո, ընդդիմադիր պատգամավորներին անգրագիտության եւ 4-րդ դասարանի մակարդակ ունենալու մեջ էր մեղադրում մեկը, որի պաշտոնավարումը նախօրեին Արցախի խորհրդարանի պատգամավորները համարել էին ԼՂՀ շահերին հակասող, քանի որ Նաղդալյանը հայտարարել էր ազատագրված 5 շրջանները Ադրբեջանին հանձնելու` ՀՀ իշխանությունների պատրաստակամության մասին՝ ընդ որում, հընթացս արձանագրելով, որ այդ տարածքների վրա մենք «իրավունք չունենք»:

Թե այս իրավիճակում նման հայտարարության հեղինակը որերորդ դասարանի մակարդակ ի ցույց դրեց, թերեւս չարժի նշել, բայց որ նա դեռ մի բան էլ այսքանից հետո Աժ ամբիոնից բղավում էր եւ խրատներ կարդում, արդեն իսկապես զավեշտալի էր:
Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա, ինչպես նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, արդեն իսկ նման խախտմամբ առաջին ընթերցմամբ ԸՕ նախագծի ընդունման լեգիտիմությունը կասկածի տակ դրվեց, եւ ուղղակի անհասկանալի է, թե ՀՀԿ-ի ինչին էր դա պետք:

Արդյոք նրանք այն աստիճան վախեցած էին նախագծի հնարավոր տապալումից, որ նման քայլի գնացին: Իհարկե, Հրազդանի ցեմենտի գործարանի հետ կապված նախագծի տապալումից ՀՀԿ-ականների աչքը կարող էր վախեցած լինել, բայց այն աստիճան, որ նրանք զգուշանային, օրինակ, Հ. Բիշարյանի վարման կարգով ելույթից, ուղղակի անհավատալի է: Թեեւ, նկատի առնելով այն, որ հատուկ ԸՕ նախագծի քվեարկությանը մասնակցելու նպատակով սահմանից Երեւան էին կանչվել նաեւ գեներալ, ազատամարտիկ պատգամավորները, ցույց է տալիս, որ ՀՀԿ-ում նախկինի նման վստահ չեն իրենց ուժերին:




Լրահոս