Իլհամ Ալիևի քայլերի քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ նոր հարձակումը սարերի հետևում չէ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում. փորձ է կատարվում չեղարկել 1994-1995 թվականների զինադադարի համաձայնագրերը: Այս մասին երեկ Հելսինկիում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծած Ադրբեջանն իր առջեւ դրել էր մի շարք խնդիրներ, որոնցից առաջնայինը` տարածքային լուրջ առաջխաղացումը, ձախողվեց` ի շնորհիվ մեր զինվորների անձնվիրության եւ մեծ սխրանքի, արդեն հայտնի է: Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից ու դրան հաջորդած գործողություններից հետո Ադրբեջանը փորձում է ինտենսիվորեն առաջ տանել իր «պլան մինիմումի» իրագործման սցենարը, որը ենթադրում է՝ ա) չեղարկել 1994-95թթ. կնքված հրադադարի մասին համաձայնագրերը, բ) փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, գ) երկար ժամանակով շրջանառությունից դուրս հանել սահմանային վերահսկողության մոնիտորինգ իրականացնող սարքերի տեղադրման արցը:

Հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմամբ Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ ամրագրել, որ հակամարտությունը ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի: Ղարաբաղյան կողմի ստորագրությունից ամեն գնով ազատվելու` Ադրբեջանի այս ձգտումը, ի դեպ, կարող է հաջողությամբ պսակվել, եթե առաջիկայում, Աստված մի արասցե, պատերազմական գործողությունները վերսկսվեն եւ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձագանքեն նույնքան չեզոք, որքան ապրիլի սկզբին, իսկ մեր դաշնակից երկրներն էլ՝ առաջին հերթին Ռուսաստանը, ոչ միայն հավասարության նշան դնեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ շատ հստակ քայլեր անեն` հօգուտ մեր հակառակորդի:
Չի բացառվում, որ դիվանագիտական ճակատում 94թ. հրադադարի համաձայնագրից հրաժարվելու ուղղությամբ ձեռնարկված իր վերջին քայլից` ապրիլի 14-ի նամակը ՄԱԿ-ում շրջանառության մեջ դնելուց հետո Ադրբեջանը փորձի պրոցեսը զարգացնել նաեւ մարտի դաշտում նոր գործողություններով: Համենայն դեպս, երեկ ստացված տեղեկությունները, թե ԼՂ սահմանագծին նկատելի են ադրբեջանական զինուժի մեծ կուտակումներ եւ զորքերի ակտիվ տեղաշարժ, բավականին մտահոգիչ է: Թեեւ Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամլո խոսնակը հայտարարում է, թե դա ամենեւին էլ չի խոսում Ադրբեջանի` հարձակվելու մտադրության մասին, սակայն Իլհամ Ալիեւի քայլերի քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ այդ հարձակումը սարերի հետեւում չէ:

Արդյոք մենք համարժեք հակաքայլեր անում ենք` հակազդելու համար ադրբեջանական պլաններին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ դիվանագիտական հարթությունւմ, դժվար է միանշանակ ասել: Համենայն դեպս, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի օտարերկրյա այցերի աշխարհագրությունը լավատեսության հիմքեր չի տալիս:




Լրահոս