Տարիներ շարունակ բնապահպաններն ահազանգում են, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում առաջացել են ջրային ռեսուրսների գերօգտագործման եւ գետային էկոհամակարգերի հետ կապված խնդիրներ: Ըստ բնապահպանների՝ ՓՀԷԿ-երի շահագործումը շատ դեպքերում ուղեկցվում է խախտումներով, որոնք անցանկալի հետեւանքներ են թողնում շրջակա միջավայրի վրա: Դրանցից է, օրինակ, ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում պատշաճ էկոլոգիական թողքի ապահովման բացակայությունը:
Այսօր Հայաստանում շահագործվում է 144 փոքր ՀԷԿ: Մարզային կտրվածքով` ՓՀԵԿ-երն առավել շատ են Սյունիքում, որտեղ շահագործվում է 33 ՀԷԿ, առաջիկայում այդ թիվը կավելանա եւս 11 ով: Սյունիքին հաջորդում է Վայոց ձորի մարզը, որի գետերը մարզի փոքր տարածքի վրա գերհագեցած են փոքր ՀԷԿ-երով:
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2015 թվականի տարեկան զեկույցում անդրադարձել է ՓՀԷԿ-երի կառուցման արդյունքում առաջացած խնդիրներին: Ըստ ՄԻՊ-ի՝ ՓՀԷԿ-երի կառուցումը պատճառ է դառնում անտառահատումների, իսկ ջրային ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը մեծ ազդեցություն է թողնում համայնքների սոցիալական վիճակի վրա՝ դրանք թողնելով առանց ոռոգման եւ խմելու ջրի: Իսկ դրա հետեւանքով նվազում են գյուղմթերքների արտադրությունը եւ բնակիչների եկամուտը:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՓՀԷԿ-երի շահագործման հետեւանքով շրջակա միջավայրին հասցվող վնասի վերաբերյալ անցած տարի բնապահպանության նախարարությունը ստացել է 8 դիմում-բողոք: Դրանք հիմնականում եղել են ՓՀԷԿ-երի շահագործման հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրների, դրանց անօրինական շահագործման կամ անօրինական գործունեության, բնապահպանական թողքի չպահպանման վերաբերյալ: Ըստ ԲՆ-ի՝ բողոքների հիման վրա կատարվել են տեսչական ստուգումներ ՀՀ Տավուշի մարզի 3, Սյունիքի մարզի 1, Վայոց ձորի 1, Լոռու մարզի 1, Կոտայքի մարզի 2 ՓՀԷԿ-երում: Թեեւ ԲՆ-ն ստուգումներ է իրականացրել նշված տարածքներում, այնուամենայնիվ, նկատենք, որ որոշ տարածքներ ՓՀԵԿ-երի շահագործման արդյունքում շարունակում են ջրազրկվել: Մասնավորապես՝ վատթարացել է Փամբակ գետի Տանձուտ վտակի սանիտարական վիճակը: Ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի՝ Եղեգիս գետի հիսուն տոկոսից ավելին վերցված է խողովակների մեջ: Նրա խոսքերով՝ ջուրը մի ՀԷԿ-ից դուրս է գալիս եւ դեռ գետ չմտած` միանգամից մտնում մյուս փոքր ՀԷԿ-ի խողովակը: Նույն պատկերն է նաեւ Տանձուտ գետում, ինչը բնապահպանական առումով անթույլատրելի իրավիճակ է:
Տեւական ժամանակ է, ինչ բնապահպանները ահազանգում են՝ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի մեծամասնությունը խախտում է ջրի բնական թողքի սահմանված ծավալները, եւ դրանցից մեծամասնության ձկնանցարանները թույլ չեն տալիս գետում բնակվող ձկնատեսակներին լողալ դեպի գետի վերին հոսք ձկնադրման համար:
Անցած տարի արձանագրվել էր, որ Լոռու մարզի Մարց գյուղի վարչական տարածքում` Մարց գետի վրա գործող «Մարցիգետ» ՓՀԷԿ 2»-ի ձկնանցարանը կառուցված է նախագծի խախտումներով, եւ այն որպես ձկնանցարան չի կարող ծառայել: Բացի այս՝ «Մարցիգետ» ՓՀԷԿ-2-ի ջրընդունիչի վրա եղել է ձկնապաշտպան ցանց, որը չի համապատասխանում սահմանված նորմերին: Հայտնաբերված խախտումների արդյունքում ՓՀԷԿ-ի տնօրենը ենթարկվեց վարչական պատասխանատվության: Բայց արդյոք այս վարչական տուգանքի նշանակումից հետո ՀԷԿ-ի տնօրենը կսթափվի եւ այլեւս խախտումներ թույլ չի տա: Արդյոք նրա օրինակին կհետեւն նաեւ մյուս ՓՀԷԿ-երի տնօրենները: Սրանք հարցեր են, որոնք, ցավոք, անպատասխան են:
Անցած տարի ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ Վայոց ձորի մարզում: Թեեւ ԲՆ-ն հայտնում է, որ Վայոց ձորի մարզում 2014 թվականի համեմատ 2015թ.-ին ոռոգման համակարգերի անխափան աշխատանքի ուղղությամբ գրանցվել է զգալի առաջընթաց, սակայն ջրօգտագործող ընկերությունների ղեկավարները հայտնել են, որ որոշ ՓՀԷԿ-երի անկանոն աշխատանքի արդյունքում ոռոգման շրջանում եղել են համայնքների ջրամատակարարման խափանման դեպքեր: Օրինակ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում երկու փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում գյուղացիները զրկվել են ոռոգման ջրից: Այդ ՀԷԿ-երը կառուցվել են գյուղի դաշտերը եւ այգիները սնուցող Արտավան գետի վրա:
Նույն իրավիճակն է նաեւ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում, որի բնակիչները ոռոգման նպատակով օգտվում են Հախում գետի ջրից: Սակայն գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի հետեւանքով նրանք ջուր չեն ունենում: Սյունիքի մարզի Նժդեհ գյուղը ոռոգման ջուրը ստանում է Այրի գետից: Նժդեհցիները եւս զրկված են ոռոգման ջրից, որովհետեւ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ կա: Իսկ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչները ոռոգման ջուր չունենալու պատճառով անցած տարի գրեթե բերք չեն հավաքել: Ջրի հետ կապված խնդիրները այստեղ սկսվել են Արգիչի գետի վրա փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո:
Չնայած որ ԲՆ-ն վերահսկում է ՓՀԷԿ-երի աշխատանքը, այնուամենայնիվ, բնապահպանական կազմակերպությունները պնդում են` տարիներ շարունակ Հայաստանում ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման արդյունքում վտանգվում է երկրի էկոհամակարգը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ