Թուրքիայի դատարանն ազատազրկել է «Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրին և լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի դատարանը արձակել է վճիռը «Հանրապետություն» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net­-ը:

Դատարանի որոշմամբ` պետության գաղտնի տվյալները պարզելու և հրապարակելու համար Դյունդարը կազատազրկվի 5 տարի 10 ամիս ժամկետով, իսկ Գյուլը` 5 տարի ժամկետով: Նախքան վճռի արձակումը դատարանի շենքի մոտ անհայտ անձը փորձել է սպանել Դյունդարին` կրակելով նրա վրա: Cumhurriyet-ի լրագրողը կարողացել է խուսափել կրակից, սակայն ոտքից թեթև վիրավորում է ստացել մեկ այլ լրագրող, ով լուսաբանում էր դատական նիստը: Մահափորձ իրականացնել ցանկացող անձին ձերբակալել են:

Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին ձերբակալել էին 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետության» ահաբեկիչներին:




Լրահոս