Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված Էրդողանի ուղերձին։
Թուրքիայի նախագահը նշել է, որ միջանցքի բացումը կամրապնդի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքները՝ միաժամանակ ընդլայնելով Թուրքիայի և թյուրքական աշխարհի կապերը։
Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Շուշիի հռչակագրով «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը բարձրացրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի։
«Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող ադրբեջանական դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է»,- հայտարարել է նա։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Կովկասը, իր պատկերացմամբ, պետք է լինի կայուն խաղաղության տարածաշրջան, որտեղ հարևան երկրները առևտուր են իրականացնում միմյանց հետ, իսկ յուրաքանչյուր պետություն ստանում է ընդհանուր բարեկեցության իր բաժինը։
«Ինչպես միասին ապրեցինք Ղարաբաղում հաղթանակի ուրախությունը, այնպես էլ նույն վճռականությամբ կաշխատենք հանուն Կովկասում խաղաղության և բարգավաճման»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հեռարձակված ուղերձներով ազդարարեցին Սյունիքում հայ-ամերիկյան TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին:




























