Օֆշորային այս վերջին սկանդալից հետո ինչո՞ւ են լռում ՀՀ իրավապահ մարմինները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը նախօրեին հրապարակեց օֆշորային ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որում, պարզվեց, ներառված են նաեւ Հայաստանի 37 քաղաքացիներ: Նրանցից ամենահայտնին ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանն է, որը, ինչպես գիտենք, օֆշորային սկանդալի արդյունքում ստիպված էր հրաժարականի դիմում գրել: Այդ ցուցակում ընդգրկված մնացած ՀՀ քաղաքացիների անուններն առաջին հայացքից այդքան էլ հայտնի չեն, եւ դժվար է ասել, թե իրականում նրանք ում շահերն են ներկայացնում այդ օֆշորային ընկերություններում: Ընդ որում, դա պարզելը, անգամ մեծ ցանկության դեպքում, կարող է բավականին դժվար լինել, եթե օֆշորային մեքենայությունները գրագետ ձեւով եւ մի քանի ճյուղավորումներով իրականացված լինեն:

Սակայն մեզ մոտ անգամ ակնհայտ փաստերին պատկան մարմինները ուշադրություն չեն դարձնում, ուր մնաց, թե փորձեն խորանալ օֆշորային որոգայթների բացահայտման մեջ: Օրինակ՝ «Հետք» պարբերականի հարցմանը ՀՀ կենտրոնական բանկի տված պատասխանից պարզ է դառնում, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Պանամա փոխանցվել է 7 անգավ ավելի շատ գումար` 1,8 մլն դոլար, քան հակառակ ուղղությամբ՝ 244 հազար դոլար: Այս կասկածահարույց տարբերությունը, սակայն, որեւէ կերպ չի հարուցել ԿԲ-ի ուշադրությունը: Իր այդ անգործությունը ԿԲ-ն պարզաբանել է հետեւյալ կերպ.«Ծավալային առումով դրանց ոչ նշանակալից լինելով պայմանավորված՝ այդ փոխանցումները երբեւէ չեն դարձել վիճակագրական նպատակներով ՀՀ կենտրոնական բանկի ուսումնասիրության առարկա»:
Մինչդեռ հիշեցնենք, որ շատ ավելի փոքր ծավալի «կասկածահարույց» փոխանցումների ժամանակ համապատասխան մարմինները շատ ավելի աչալուրջ վարքագիծ են դրսեւորել, ինչպես, օրինակ, «փողերի լվացման» մեջ կասկածվող Վարդան Օսկանյանի դեպքում:

Այս եւ չի բացառվում` մի շարք այլ դեպքերում, սակայն, համապատասխան ուշադրության բացակայությունը կարող է բացատրվել շատ պարզ հանգամանքով. պարզապես պետք չի եղել ուշադրություն դարձնել մի բանի, որում ներգրավված են, Սերժ Սարգսյանի ասած, «խոշոր ձկները»:
Եթե այդպես չէ, ապա առնվազն տարակուսելի է օֆշորային այս վերջին սկանդալից հետո ՀՀ իրավապահ մարմինների լռությունը /Միհրան Պողոսյանի վերաբերյալ նյութերի հետ կապված քրեական գործում, ի դեպ, հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով է Պողոսյանը ներգրավված/: Այս օրերին ձկան նման լուռ են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի անդամները, ՀՀ կառավարությանը կից կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը եւ, վերջապես, հանրային խորհուրդը, որի անդամներն ընդամենն օրեր առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հերթական անգամ բերանները ջուր առած` լսում էին վերջինիս պաթետիկ ելույթը «ուժեղ լինելու եւ միասնականության մասին»:




Լրահոս