ԻՆՉՔԱՆ ԼԱՎԸ ՄԱՏՈՒՑԵՆՔ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎԸ ԿԸՆԴՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի կեսերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Բերթոլդ Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» եւ Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացումներով (ռեժիսոր՝ Տիգրան Գասպարյան) հանդես է եկել Վրաստանի Բաթում քաղաքում:
«Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում թատրոնի մամլո պատասխանատու Վահե Մովսիսյանը նշեց, որ դերասանները հաճելին համատեղել են օգտակարի հետ. ե՛ւ հանգստացել են, ե՛ւ խաղացել ներկայացումներում։ Իսկ դրանք, հատկապես «100 տարի անց»-ը, մի քանի անգամ ընդմիջվել են հանդիսատեսի ծափերով: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում Վրաստանի հետ մշակութային կապերն էլ ավելի են ամրապնդվելու։ «100 տարի անց» ներկայացման մեջ Ջեմալ փաշային մարմնավորում էր լուսահոգի Ազատ Գասպարյանը (ներկայացման օրը՝ օգոստոսի 13-ին, նա կդառնար 70 տարեկան), ում հյուրախաղերի ժամանակ փոխարինել է Տիգրան Գասպարյանը: Ի դեպ, հանդիսատեսի մեջ է եղել նաեւ Ջեմալ փաշային սպանած Արտաշես Գեւորգյանի՝ թոռը Արմենը:
Դերասանուհի Շողեր Գրիգորյանն էլ, որը «Կովկասի կավճե շրջան»-ում մարմնավորել է Գրուշե Վախնաձեի կերպարը, նշեց. «Շատ տպավորված եմ, քանի որ թեկուզ փոքրիկ, բայց հայապահպան գործի մասնակից եմ եղել: Այնքան հուզիչ ու տպավորիչ էր, որ հանդես էի գալիս վիրահայերի առջեւ ու մարդկանց հիշեցնում, որ իրենք հայ են: Կարծես խառնիչով խառնում էինք նրանց հույզերն ու նրանց մեջ արթնացնում հայ լինելու գաղափարը»: Նա նկատել է, որ առաջին օրը հանդիսատեսն  ավելի, այսպես ասած, զուսպ է եղել, իսկ երկրորդ օրը բուռն արձագանքել է։ Դերասանուհին ուսանել է նաեւ Ֆրանսիայում, ըստ նրա՝ Ֆրանսիայում թատերական քննադատությունը առողջ, ուսուցողական է, իսկ մեզ մոտ մասնագետները նախապաշարումներով են գնում որեւէ ներկայացում դիտելու, եւ գնահատականն էլ, բնականաբար, հաճախ օբյեկտիվ չի լինում։ Իսկ հանդիսատեսը հիմնականում, չգիտես ինչու, ավելի շատ զվարճալի ներկայացումների կարիք ունի… Թատրոն հաճախողները շատացել են, սակայն քանակին զուգահեռ պետք է որակը բարձրանա. «Ինչքան լավը մատուցենք, այդքան լավը կընդունեն։ Բայց նաեւ շատ կարեւոր է, որ հանդիսատեսը լավի, մեծի, բարձրի պահանջ ունենա, եւ այդ դեպքում հաստատ լավը, բարձրարժեքը կմատուցվի»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս